Պատրաստվի՛ր օծությանը
Հոգևոր բաները չեն երևում: Չերևացող բաներն առաջնային են, տեսանելի բաները՝ երկրորդային: Եթե առաջնությունը տանք հոգևորին, նախանձավոր լինենք չերևացող բաների համար, նյութականն ինքն իրեն կկատարվի:
Աստծո տված ամենամեծ հոգևոր նվերներից մեկը օծությունն է: Օծության շնորհիվ մարդ ձեռք է բերում գերբնական հատկություններ: Կա օծություն, որը վերաբերվում է բոլորին: Կա օծություն, որը տրվում է յուրահատուկ մարդկանց: Դու այդ յուրահատուկներից մեկն ես:
Մենք հաճախ գնում ենք ոչ թե օծության ետևից, այլ այնպիսի բաների ետևից, որոնք տրվում են օծության շնորհիվ: Նախ պետք է փնտրենք օծությունը, մնացածը կտրվի:
Օծությունը ավելի կարևոր է, քան նույնիսկ հաջողությունը: Հաջողությունը կարող է գնալ, բայց օծված հաջողությունը մնում է ընդմիշտ:
Օծությունը երբեք չի հեռանում: Այն մնում է մինչև մարդու կյանքի վերջը: Սավուղը թեև ընկել էր, բայց նրա օծությունը մնացել էր մինչև վերջ: Անգամ Դավիթը նրան սպանողին ասաց՝ «Ի՞նչպէս չվախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր»: 2Թագ.1:14:
Կան քահանաներ և կան օծված քահանաներ.
«Եւ քաւութիւնը անէ այն օծուած եւ իր հօր տեղը քահանայութիւն անելու համար ձեռքը լցուած քահանան: Եւ ամենասուրբ տեղի համար քաւութիւն անէ, եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քաւութիւն անէ, եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քաւութիւն անէ»: Ղև.16:32-33:
Քավությունը գերբնական երևույթ է: Այն կարող են անել միայն օծված քահանաները:
Մենք կանչված ենք օծյալ լինելու համար: Օծությունը գալիս է սրբության վրա: Նախանձի կամ չարության վրա օծություն չի գալիս: Օծյալ կարող է լինել նա, ով մաքրման ընթացքի մեջ է, որ ցավում է, որ ինքը մաքուր չի, զղջում է դրա համար, որոշում է կայացրել ու ջանք է անում մաքրվելու համար: Աստված չի օծում մեղքի մարմինը: Աստված օծում է Նոր մարդուն:
Օծված մարդու հետ շփվելիս նրա օծությունը փոխանցվում է քեզ: Մեղավոր մարդու հետ շփվելիս էլ նրա չարությունն է փոխանցվում քեզ: Լսի՛ր օծյալ մարդկանց քարոզները, կարդա օծված գրքեր, լսիր օծված երաժշտություն, և նրանց օծությունը կփոխանցվի քեզ:
Ահարոնին և իր որդիներին օծում էին որպես քահանա: Ամբողջ ժողովրդի առաջ «Մովսէսը մօտեցրեց Ահարօնին եւ նորա որդկանցը եւ ջրով լուացաւ նորանց»: (Ղև.8:6): Օծության համար հարկավոր է մաքրվել: Ջրով լվանալը մաքրվելու խորհուրդն է: Եթե ուզում ես օծություն ստանալ, պիտի հին ու մեռած բաները հեռացնես քո կյանքից:
Օծման համար հարկավոր է, որ ներկա լինի ժողովուրդը, եկեղեցին: Հնարավոր չէ տանը նստած օծություն ստանալ: Մաքրվելուց հետո Ահարոնն ու իր որդիները զոհ մատուցեցին: Ուրեմն օծման կարևոր պայմաններից է զոհաբերությունը: Ժլատ մարդը չի կարող օծված լինել:
Օծյալը չի վախենում իր մեղքը ասելուց: Օծյալը չի վախենում լվացվելուց, մաքրվելուց: Աստված քո կյանքում մեծ հրաշքներ կանի, եթե օծյալ լինես, եթե ամուր պահես քո օծությունը:
Երկակի կյանքով մի՛ ապրեք: Երկակի մարդը օծություն չի ունենա:
Մենք սիրում ենք Քրիստոսին: Քրիստոս՝ նշանակում է Օծյալ: Օծյալի օծությունը փոխանցվում է մեզ, եթե ջանք անենք, եթե մաքրվենք ու փոխվենք:
Տիգրան Թադևոսյանի 08.04.2018թ. կիրակնօրյա քարոզից: