Պատռվածքն ավելի գեշ կլինի
«Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղաւ»: 2Կոր.5:17:
Ուշադրություն դարձնենք՝ ոչ թե մեկ կամ մի քանի բան, այլ ամեն բան նոր եղավ: Հիշենք, թե ով էինք, ինչպես էինք մտածում, ինչպես էինք վարվում, ու կհամոզվենք, որ ամեն բան փոխվել է հիմնովին:
Հնի և նորի մեջ միշտ պայքար է տեղի ունենում: Հինը չի ուզում իր տեղը զիջել նորին ու դրա համար միշտ մեղադրում է նորին: Կյանքի բոլոր բնագավառներում է այդպես՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արվեստում, թե՛ երաժշտության մեջ: Ու նաև հավատքում:
Բայց Խոսքն ասում է, որ «հներն անցան, ամեն բան նոր եղավ»: Ուրեմն մի՛ թույլ տուր, որ հնացած բաները խոչընդոտեն նոր հավատքին:
Միայն ճշմարտությունն է, որ չի փոխվում, չի հնանում: Այն ոչ հին է, ոչ նոր: Այն հավիտենական է և կատարյալ: Ճշմարտությունը Քրիստոսն է: Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Քրիստոսը նոր բան էր բերել, բայց աշխարհը չընդունեց Նրան: Բայց ով որ ընդունեց, Հիսուսը նրան իշխանություն տվեց Աստծո զավակներ կոչվելու:
«Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտեցրեց Իր հետ ու մեզ հաշտության պաշտոնը տվեց»: 2Կոր.5:18:
Հաշտության պաշտոնը հենց Ավետարանը քարոզելն է, որ Աստված վստահեց Իրեն հավատացողներին: Նա ուզում է Իր նոր գինին՝ ուրախության և կյանքի խորհուրդը, լցնել նոր տիկերի մեջ, որ մեր նորոգված միտքն է ու նորոգված հոգին:
Մարդկանց մի տեսակ կա, որ անվեջ կարոտում է հինը: Իսրայելի ժողովուրդը անապատում հիշում էին սոխն ու սխտորը, բայց մոռացել էին, որ իրենք ստրուկ էին: Մի՛ մնա հին կյանքի մեջ, փոխվի՛ր, նորոգվի՛ր, առա՛ջ գնա:
Հիսուսը սեղան էր նստել մաքսավորների և մեղավորների հետ: Նրանց բարքերը հին էին՝ ուտում, խմում էին ու մեղքի մեջ էին: Բայց Հիսուսը գիտեր Իր անելիքը, Նա գիտեր, որ նորոգելու է նրանց, որովհետև «առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները»: (Մթ.9:9-17): Փարիսեցիները և նույնիսկ Հովհաննես Մկրտչի աշակերտները մեղադրում էին Հիսուսին, որովհետև նրանց մտածելակերպը հին էր:
Եվ Հիսուսը նրանց ասաց.
«Ոչ ոք նոր կտորը հին հանդերձի վրա չի կարկատի, քանի որ դա, որ լրացնելու համար դրվեց, հանդերձից կվերցնի, և պատռվածքն ավելի գեշ կլինի»: Մթ.9:16:
Հրաժարվի՛ր հին մտածելակերպից, հին կյանքից: Եղի՛ր նոր կտորը այս հին աշխարհի վրա: Թող աշխարհի պատռվածքը ավելի մեծ լինի:
Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա քարոզից: 26.01.2020թ.