Փոխադարձ Սեր
«Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայությունները միշտ էլ յուրօրինակ են եղել և նման չեն եղել միմյանց:
Այսօրվա՝ հուլիսի 6-ի ծառայությունը բացառություն չէր: Այն յուրահատուկ էր նրանով, որ փառաբանությունը վարում էր ինքը՝ եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը: Հովվի փառաբանությունը աչքի է ընկնում իր կրակոտությամբ և անկեղծ ոգեշնչմամբ:
Պատգամախոսը կրկին Իժևսկի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովան էր: Նա ինքը լցված լինելով Աստծո անսահման սիրով, իր խոսքն էլ նվիրել էր աստվածային Սիրուն:
Աշխարհում կարելի է բացառապես ամեն բան գնել, բացի սիրուց: Որովհետև Սերն ինքը Աստված է և Աստված Սեր է:
Աստված մեզ ռոբոտներ չստեղծեց, որպեսզի կառավարման վահանակը ձեռքին ղեկավարի ինչպես ուզում է: Նա մեզ ստեղծեց որպես ազատ և սիրելու ընդունակ Մարդ: Ինքը սիրում է մեզ, այնքան է սիրում, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Աստված սիրում է մեզ և մեզնից էլ ակնկալում է մի բան՝ Սեր, Սեր առ Աստված, Սեր միմյանց նկատմամբ: Աստվածային Սեր:
Սիրո դրսևորումներից են կարեկցանքն ու գթասրտությունը: Նոր Կտակարանում բազմաթիվ դրվագներ կան, որ ցույց են տալիս Հիսուսի կարեկցանքն ու գթասրտությունը՝ բարի սամարացու պատմությունը, անդամալույծի բժշկությունը, այրու որդու կենդանացումը և այլն:
Մենք էլ Հիսուսի նման պետք է ունենանք կարեկցանք, գթասրտություն և Սեր: Ամենավտանգավոր բանը մարդու կյանքում հավանաբար Սիրո բացակայությունն է,- համոզված է Հովիվ Սուսաննան:
Պատգամից հետո հովիվ Տիգրան Թադևոսյանը եկեղեցուն հայտնեց մի հիանալի նորություն. Ամերիկյան ISFN հեռուստաընկերությունը այսուհետև «Նոր սերունդ» եկեղեցուն տրամադրելու է շաբաթական 4 ժամ հեռուստաեթեր:
Այնուհետև բեմ բարձրացավ հոլանդահայ քրիստոնյա մի կին՝ Նելլի Ռաֆայելյանը Օստելհաուզ քաղաքից: Նա վկայեց, որ Լսելով Հայկուհի Բաբայանի երգերը, Տիգրան Թադևոսյանի և եկեղեցու մյուս քարոզիչների քարոզները, առանց վարանելու կարող է պնդել, որ «Նոր սերունդ» եկեղեցին կարելի է կոչել «Աստծո Սեր» եկեղեցի:
Նելլի Ռաֆայելյանը հավաստեց, որ երջանիկ է անձամբ «Նոր սերունդ» եկեղեցում գտնվելու համար:
Սեփական լրատվություն