Փոքր թագավորություն

Փոքր թագավորություն

Հիսուսի բոլոր խոստումներն իրականանում են։ Անգամ եթե այսօր դժվարությունների մեջ ես, դրանք ոչինչ են գալիք փառքի համեմատ։ Ընդ որում, խոստացված գալիք փառքը լինելու է ոչ միայն երկնքում, այլև այստեղ, այս կյանքում, այս աշխարհում։

«Արդեն լցվել եք, արդեն հարստացել եք։ Առանց մեզ թագավորեցիք և երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք»։ Ա Կորնթ․ 4։8

Ինչ որ հաջողությունների հասնելուց հետո որոշ մարդիկ բավարարվում, հանգստանում ու կանգ են առնում: Այս բանը Պողոսը նկատեց կորնթացիների մոտ: Խրատելով նրանց, նա գրում է, իր մասին ասելով.

«Մենք հիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսում. մենք տկար՝ իսկ դուք զօրավոր. դուք փառվւորուած իսկ մենք անարգված։ Մինչև այս օրուա ժամը սովում էլ ենք՝ ծառավում էլ, մերկ էլ գնում ենք և գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։ Եւ աշխատում ենք մեր ձեռքերով գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք. Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս ավելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչև հիմա»: 1 Կոր. 4:10-13

Հանդարտ ու անհոգ կյանք վարելը, որին Պողոսը անվանում է «թագավորել», դեռ չի խոսում իրական իմաստության, զորութան և փառավորված լինելու մասին : Ու իր միտքն առաքյալն ավարտում է այսպես․

«Ուրեմն աղաչում եմ ձեզ, ինձ նմանվեցեք»։ Ա Կորնթ․ 4։16

Պետք չէ կարծել թե հասել ենք թագավորության ու կանգ առնել։ Պողոս առաքյալը քաջածանոթ էր հոգևոր կյանքին։ Այդ պատճառով ասում է «երանի թե թագավորեիք»։ Ինչ հաջողության էլ հասնեք` կանգ մի առեք։ Եթե ձեզ բամբասում են, ուրեմն առաջ եք գնում։ Եթե հալածում են, ուրեմն հաղթել եք։ Մի՛ խուսափեք բամբասանքից, հալածաքից, չարախոսությունից։ Դրանց հանդիպելիս մի՛ տրտնջացեք։ Օրհնե՛ք և առաջ անցե՛ք։

Պողոսը, եթե ցանկանար, կապրեր հանգիստ ու անհոգ կյանքով, կվայելեր իր ձեռքբերումները։ Բայց նա լավ գիտեր, թե ինչ է սպասվում այնտեղ, որտեղ բավարարվում ու կանգ են առնում:

Դատավորաց գրքում նկարագրված է Լայիս քաղաքը, որտեղ կարծես թե ամեն ինչ խաղաղ էր ու հանգիստ, մարդիկ անհոգ էին, հանգիստ, ապահով ապրում էին։

«Այն ժամանակ այն հինգ մարդիկ գնացին ( լրտեսելու) Լայիս մտան, և նրանում բնակող ժողովուրդը տեսան՝ որ Սիդոնացիների պես ապահովությամբ հանգիստ եւ ապահով բնակվում էին, եւ այն երկրի մէջ մի վնաս տուող չկար՝ որ իշխանութիւն ունէր...»: Դատ. 18: 7

Սա էլ հենց այդ փոքր թագավորության թույլ տեղն էր` հանգստությունը, ապահովությունը, կեղծ խաղաղությունը և իշխանության բացակայությունը` սուտ հավասարությունը: Հանգիստ լինելը լավ է այն ժամանակ, երբ քո ապահովությանը վտանգ չի սպառնում։

Եթե եկեղեցին հանգիստ է, ապահով, չի ավետարանում փրկության ավետարանը, այդ եկեղեցին մեռած է։ Անհոգության պատճառով կարող ես կորցնել քո քաղաքը, քո եկեղեցին, քո երկիրը: Լայիսի կործանման պատճառը հենց սա էր :

Հիսուսն ասել է․ «Ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնուի նորանից»: Մատ. 13:12: Երբեք կանգ մի առ ու մի բավարարվիր քո ձեռքբերումներով: Քանդի՛ր ամեն փոքր թագավորություն քո կյանքում: Մեր հանգիստն ու իրական Թագավորու­թյունը կլինի միայն երկնքում։ Քանի դեռ այս աշխարհում ենք, պիտի պայքարենք, ծառայենք, գործենք ու առաջ ընթանանք ցանկացած իրավիճակներում:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ