Փոթորկի մեղավորը դու՛ ես:

Փոթորկի մեղավորը դու՛ ես:
Աբովյանի «Փարոս» եկեղեցու հովիվ Արարատ Պողոսյանի քարոզները իրենց յուրօրինակությամբ և համարձակ մոտեցումներով միշտ ջերմ ընդունելություն են գտել «Նոր սերունդ» եկեղեցու հավատացյալների կողմից:
Այսօր՝ մայիսի 29-ին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա պատգամախոսը կրկին հովիվ Արարատ Պողոսյանն էր: Նրա խոսքը սառը ցնցուղի նման սթափեցրեց և մտորումների տեղիք տվեց ներկաներից շատերին: Տերն, իհարկե, քաղցր է, բայց հավատացյալն իր կյանքում պետք է դառնություն էլ ճաշակի, որպեսզի մի կողմ թողնի մեղքն ու սխալը ու սկսի ապրել աստվածահաճո կյանքով:
Հավատացյալներից շատերին այսօր թվում է, որ իրենց հավատը արդեն բավարար է, իրենք պետք է նույնը լինեն «երեկ, այսօր և հավիտյան»: Սակայն նույնն է Տերը, իսկ հավատացյալը պետք ընթանա հավատից հավատ, զորությունից՝ զորություն: Հավատացյալը պետք է շարժվի:
Ինչպես բնակարաններում ամենից շատ փոշին հավաքվում է անշարժ կահույքի տակ, այնպես էլ եկեղեցում՝ աղտոտվում են «անշարժ» հավատացյալները: Ուրեմն մենք կարիք ունենք շարժվելու, աճելու, զարգանալու և Տիրոջ Ավետարանը քարոզելու:
Անտարբեր հավատացյալը քամի է ցանում: Իսկ քամի ցանողը փոթորիկ կհնձի:
Հովնան մարգարեն փորձում էր խուսափել Աստծո կամքը կատարելուց: Նա փախչում էր նավով և անտարբեր քնել էր նավի նկուղում: Բայց փոթորիկ բարձրացավ, և այդ փոթորիկի պատճառը նավապետը չէր, նավավարները չէին, այլ ինքը՝ Հովնանն էր: Աստված նրան հնարավորություն տվեց ապաշխարելու՝ երեք օր պահելուվ ձկան որովայնում: 
Իսկ մենք մտածե՞լ ենք արդյոք, որ մեր շուրջը մոլեգնող փոթորիկի պատճառը գուցե հենց մե՞նք ենք: Ապաշխարության համար կարիք չկա երեք օր մնալ ձկան փորում: Ապաշխարել ու սկսել Աստծո կամքը կատարել կարող ենք հենց այսօր, հենց հիմա:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ շուտով:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ