Protestant.am-ը զրուցել է Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ
«Հերոսություն չէ մեղք գործելը, և այն բոլորն էլ կարող են գործել, իսկ սրբութունը բնորոշ է միայն ուժեղներին».Տիգրան Թադևոսյան
Ինչպե՞ ս եք: Մոտ մեկ ամիս առաջ ի Տեր ննջեց Ձեր կինը: Հեշտ չէ նման բաժանումը և՛ Ձեզ և՛, ընտանիքի, և՛ եկեղեցու համար: Այժմ շատերին է հետքրքրում Ձեր, Ձեր ընտանիքի և Եկեղեցու հետագա ընթացքը:
Փառք Տիրոջը՝ լավ եմ: Իսկապես լավ եմ, որովհետև զգում եմ Աստծո խաղաղությունը, և այժմ հասկանում եմ, թե ինչ է իրական մխիթարությունը: Այն ուղղակի հանգստացնող կամ սփոփող մի բան չէ, այլ ցանկացած իրավիճակում, նաև իմ իրավիճակում՝ հաղթություն բերող զորություն: Մխիթարությունը մարդու գիտակցությունից վեր բան է, որն իր մեջ պարունակում է աստվածային զորություն: Նույն մխիթարությունով մխիթարված են նաև իմ դուստրերը և ունեն Հոգուց բխող ուրախություն: Ինչպես Եսայի մարգարեության 61-րդ գլխում է գրված
«Սիոնի սգավորների համար որոշելու, որ նորանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախութեան յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ. Եւ նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար»:
Ես կարող եմ ասել, որ սա գործնականորեն տեղի ունեցավ իմ և իմ ընտանիքում:
Ճիշտն ասած, ունեցել եմ մտահոգություն եկեղեցու կայունության առումով, այն իմաստով, որ շատերի մոտ հարցեր կծագեն, գայթակղություններ և նեղվածություններ կլինեն: Բայց ես Հոգուց Խոսք ունեցա, որն էլ այդ դեպքին հաջորդող երեք ծառայությունների ընթացքում փոխանցեցի ժողովրդին և արդյունքում տեսա, որ նույն մխիթարության զորությունը հանգչեց նաև եկեղեցու վրա: Իհարկե, հնարավոր են մասնավոր դեպքեր, երբ մարդիկ կասեն. «Ինչո՞ւ դա պատահեց, ո՞ւր էր Աստված, ո՞րն էր մեղքը»: Ես հասկանում եմ նրանց, ում մոտ առաջանում են նման հարցեր:
Եսայի մարգարեության 53-րդ գլխում, նկարագրված է Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը, և երևում է, որ մարդիկ Նրան Աստծո երեսից ընկած էին համարում՝ դատելով Նրա կարգավիճակից, բայց քիչ հետո գրված է. «...բայց նա մեր մեղքերի համար չարչարվեց»: «Բայցը» ցույց է տալիս, որ մարդիկ սխալվում էին: Իհարկե կլինեն մարդիկ, ում մոտ հարցեր կառաջանան, բայց ես ասում եմ, որ մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները կստանանք միմիայն երկնքում:
Նման իրավիճակում Դուք յուրահատուկ հաղթական եք: Շատերն են անցնում նման փորձություններով, բայց չեն կարողանում հաղթահարել կսկիծը: Ի՞նչ խորհուրդ կտաք նման մարդկանց:
Տվյալ իրավիճակում մեզ օգնության է հասնում հավատը, որը հիմնված է Աստծո Խոսքի և ողջամտության վրա: Աստծո Խոսքում գրված է, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, նրանք մահից փոխվում են դեպի կյանք: Այս Խոսքի հանդեպ ունեցած հավատքը մեզ դուրս է հանում սգից ու կսկիծից: Նման դժվարություններով անցնող մարդկանց խորհուդ կտամ գտնել մեկին, ով հաղթական կերպով անցել է նման փորձությամբ, որպեսզի այդ մխիթարությունը փոխանացվի իրենց:
Նշեմ նաև, որ մենք չենք հավատում, որ հոգին մահից հետո քառասուն օր երկրի վրա շրջում է: Տերը խաչի վրա գամված ավազակին ասաց. «…այսօր Ինձ հետ դրախտում կլինես» :
Նման ուսուցումը բազմաթիվ հիվանդություների, վախերի, սթրեսների ու տարաբնույթ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Տուրք մի՛ տվեք նման կեղծ հավատալիքներին: Երբ հոգին անջատվում է մարմնից, նա անմիջապես հայտնվում է իր հավիտենական հանգրվանը՝ ըստ իր հավատքի:
Իսկ զգացմունքնե՞րը, հիշողություննե՞րը:
Բնական է՝ զգացմունքներից և հիշողություներից խուսափելն, իհարկե, անհնար է և պետք էլ չէ, բայց ասեմ, որ մենք շատ էմոցիոնալ ազգ ենք և ունենք «ցավդ տանեմ» արտահայտությունը, սակայն իրականում դժվար է ուրիշի ցավը վերցնել: Մարդը պետք է գիտակցի, որ չի կարող իր կյանքը խառնել ուրիշի կյանքի հետ, ամեն մարդ իր բաժինն ունի: Միգուցե դժվար լինի ինձ հասկանալ, բայց ես ողջմտության մասին եմ խոսում: Մենք պետք է կարողանանք մեր էմոցիոնալ կապերն արձակել՝ գիտակցելով, որ տվյալ մարդը այլևս մեզ հետ չէ: Նա հասել է վերջնակետին, ստացել է իր պսակը, ու եթե անկեղծ, Հայկուհու մասին ցավով հիշողներին ես միշտ ասում եմ. «Նրա համար դարդ մի արեք, մենք մեր մասին պետք է մտածենք, որ դեռ ճանապարհ ունենք անցնելու…»:
Այժմ մեր ընտանիքում երբեք Հայկուհու մասին չենք խոսում որպես անցյալի մի դրվագի: Եթե հիշում ենք, ապա հիշում ենք նրա հետ անցկացրած ուրախ պահերը: Նա ընդամենը մեզ հետ չէ, բայց նա ապրում է, ուրախ է, երջանիկ է և ավելի, քան մեզանից յուրաքանչյուրը: Հայկուհին այլևս իմ կինը չէ, ես արձակել եմ նրան որպես իմ կին: Այժմ նա Աստծո դուստրն է: Շնորհակալ եմ Տիրոջը, որ նա եղել է ինձ հետ այս տարիների ընթացքում, մենք շատ ուրախ և երջանիկ կյանք ենք ապրել միասին:
Մի փոքր զրուցենք Եկեղեցու մասին: Ի՞նչ հիմնական տեսիլք ունի «Նոր սերունդ» եկեղեցին:
«Նոր սերունդ» եկեղեցու հիմնական տեսիլքը Դավթի վայր ընկած Խորանի վերականգնումն է՝ համաձայն Գործք 15:16-17 խոսքերի.
«Սրանից հետո կդառնամ և Դավթի վայր ընկած բնակարանը կշինեմ, և նրա քանդվածները նոր կշինեմ և կկանգնեցնեմ նրան. Որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն. Եւ այն բոլոր հեթանոսները, որոնց վրա Իմ Անունը կոչուած է, ասում է Տէրը. Նա, որ այս բոլորն անում է»։
Մենք հավատում ենք, որ երկրպագությունը՝ որպես հավիտենական ծառայութուն, կարևորագույն հանգամանք է մարդկանց փրկության գործում: Ինչո՞ւ Դավթի, որովհետև նա ճշմարիտ երկրպագու էր: Դավթի Խորանը, որն այժմ լիովին վերականգնված չէ, և, մարգարեական խոսքի համաձայն, պիտի վերականգնվի, ունի կարևոր նպատակ, որպեզի մարդիկ երկրպագության միջոցով գան դեպի Տերը: Դա է պատճառը, որ «Նոր սերունդ» եկեղեցին, ի թիվս այլ ծառայությունների, մեծ կարևորություն է տալիս երկրպագությանն ու փառաբանությանը:
Մենք հավատում ենք նաև, որ քրիստոնեական արժեքները պետք է գերիշխեն մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական ոլորտներում: Ավետարանը չպետք է քարոզվի միայն եկեղեցու ներսում՝ հավատացյալների համար: Այն պետք է տարածել տնտեսական, մշակութային, կրթական, քաղաքական և մյուս բոլոր ոլորտներում ծառայող մարդկանց մեջ ևս: Երբ ասվում է. «Մեր քաղաքականությունը երկնքից է», Պողոս առաքյալը նկատի չունի, որ մենք գործ չպետք է ունենանք այդ ոլորտի հետ, այլ ի նկատի ունի, որ մեր քաղաքականությունը գլոբալ իմաստով պետք է հիմնված լինի Աստվածաշնչյան սկզբունքների վրա: Նայեք այն երկրներին, որոնք ժամանակին իրենց սահմանդրության հիմքում դրել էին աստվածաշնչյան սկզբունքները, նրանք ամուր էին, պաշտպանված և բարգավաճող, բայց, ցավոք, հիմա այդպես չէ, քանի որ հեռացան աստվածաշնչյան սկզբունքներից:
Մեղքը միշտ էլ եղել է քաղաքակրթությունների և երկրների վախճանի պատճառը: Մեր աղոթքն է, որպեսզի մեր երկրի իշխանավորները կամ աստվածաշնչյան լեզվով ասած՝ թագավորները, ընդունեն և ճանաչեն Հիսուս Քրիստոսին՝ որպես թագավորների Թագավոր, և ինչպես գրված է. «…ահով ու դողով ծառայեն նրան»:
Դա նշանակում է, որ մեր երկրի լուսավոր ապագան քրիստոնեական արժեքների համատարած կիրառման մեջ է, և այս պատասխանատվությունը դրված է եկեղեցու վրա: Եկեղեցու կարգավիճակն է թելադրում երկրի կարգավիճակը: Եթե եկեղեցին կենդանի է, արթուն և գործող, ապա այդ հանգամանքը շատ դրական կերպով կանդրադառնա ողջ երկրի վրա:
«Նոր սերունդ» եկեղեցին առաջնորդվում այս երկու հիմնական տեսիլքներով:
Կարդալ ավելին՝ Protestant.am