Քայլ դեպի օրհնություն
Աստված օրհնությունների պակաս չունի: Նա ուզում է օրհնել բոլորին: Նա ուզում է ոչ թե մի անգամ օրհնել ու սահմանափակվել դրանով, այլ մշտապես ու անընդհատ օրհնել:
«Եւ Նրա լիութիւնից մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։ Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ»: Հովհ.1:16-17:
Օրհնության հակառակն անեծքն է: Անեծքն Աստծուց չէ: Այն մարդու կյանք բերեց սատանան: Սատանան մարդուն համոզեց, որ եթե ուտի արգելված պտուղը, կճանաչի բարին և չարը (Ծնն.3:5): Արդյոք պե՞տք էր, որ մարդը ճանաչի չարը, իմանա, թե ինչ է հիվանդությունը, աղքատությունը, վաղաժամ մահը: Աստված դրանք չէր նախատեսել մարդու համար: Աստված նախատեսել էր միայն օրհնություն: Օրհնություն՝ բոլորի համար:
Իր օրհնությունները տալու համար Աստված գտավ Աբրահամին: Աստված օրհնեց Աբրահամին և նրա միջոցով՝ նրա սերունդներն ու բոլոր մարդկանց: Քեզ նույնպես Աստված օրհնում է, որպեսզի դու էլ դառնաս օրհնության աղբյուր ուրիշ մարդկանց, քո շրջապատի, քո ընտանիքի, քո քաղաքի ու երկրի համար:
Աբրահամը ապրեց երկար: Դա օրհնություն էր: Աբրահամը հնազանդ կին ուներ: Դա նույնպես օրհնություն էր: Աբրահամը հարուստ էր, Աբրահամը պաշտպանված էր, Աստված Աբրահամին գլուխ արեց, ոչ թե պոչ: Այս ամենը օրհնություններ են, որ Աստված տվեց Աբրահամին ու նրա սերունդներին: Իսկ Հիսուսն ասաց, որ Աբրահամի որդի լինելու համար հարկավոր է Աբրահամի գործերը գործել (Հովհ.8:39): Ուրեմն, եթե դու Աստծո կամքի մեջ ես, եթե դու Աբրահամի գործերն ես գործում, դու էլ կարժանանաս Աբրահամի օրհնություններին:
«Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով»: Գաղ.3:14:
Աստված Հիսուսի միջոցով մեզ է տվել Աբրահամի օրհնությունները: Ավելին՝ Հիսուսի միջոցով մեզ է տվել նաև Սուրբ Հոգու խոստմունքը:
Մեր երկիրը կանգնած է օրհնությունների ճանապարհին: Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ սիրով և քաղաքակիրթ կերպով կարելի է հասնել օրհնությունների: Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է ոչ թե հանուն մի քանի հազար դրամի անեծք ճաշակեինք, այլ Աստծո օրենքով արժանանայինք Աբրահամի օրհնություններին: Երբ դու արդար ես, անեծքը քեզ չի հասնում: Քեզ հասնում է օրհնությունը, և քո միջոցով՝ քո շրջապատին:
Աբրահամի օրհնությանը արժանանալու համար կան մի քանի պայմաններ: Դու պիտի նախանձախնդիր լինես քո օրհնության նկատմամբ: Ամեն պատվիրան օրհնություն է բերում: Կատարիր պատվիրանները, և կստանաս օրհնություններ: Պատվիր ծնողներիդ, վեց օր աշխատիր, յոթերորդ օրը նվիրիր քո Տեր Աստծուն: Սիրիր քո ընկերոջը քո անձի պես: Ինչպես որ ներում ես ինքդ քեզ, այդպես էլ ներիր մերձավորիդ: Օրհնությունները գալիս են գործերիդ միջոցով, հավատդ առանց գործերի մեռած է: Օրհնությունները գալիս են մարդկանց միջոցով՝ հովիվների, ավագների հավատացյալների և եկեղեցու միջոցով:
Օրհնված մարդը երևում է իր պտուղներից (Մաթ.7:16): Բարի ծառը ջանք չի գործադրում բարի պտուղ բերելու համար: Դա լինում է ինքնըստինքյան: Եթե հավատում ես Հիսուսին, եթե Նա բնակվում է քո սրտում, ապա դու բարի ծառ ես և բարի պտուղներ կբերես:
Մենք պետք է նախանձախնդիր լինենք բարի լինելու, պետք է քայլ անենք, պետք է նմանվենք Հիսուսին, և բարի պտուղ բերելը կդառնա սովորական մի բան: Սա է օրհնությունների ճանապարհը:
Տ.Թադևոսյանի 13.05.2018թ. կիրակնօրյա քարոզից
Սեփական լրավություն