Քայլի՛ր ջրերի վրայով
Աստծո Խոսքից գիտենք, որ Աստված լույս է և ամենևին խավար չկա Նրա մեջ: Այդ լույսը սփռված է աստվածաշնչյան բոլոր պատմությունների վրա և օգնում է տեսնել ճշմարտությունն ու շտկել ինքներս մեզ:
Մաթևոսի Ավետարանի 14 գլխում նկարագրված է, թե ինչպես Հիսուսը, իսկ այնուհետև նաև Պետրոսը քայլեցին ջրերի վրայով:
Թեև աշակերտներն ընդամենը ժամեր առաջ ներկա էին եղել հացի և ձկան բազմացման հրաշքին, բայց երբ տեսան Հիսուսին ջրերի վրայով քայլելիս, չհավատացին, այլ վախեցան, կարծելով, թե ուրվական է:
Սակայն շատ անսպասելի էր Պետրոսի արձագանքը: Նա խնդրեց Հիսուսին, որ հրամայի ինքն էլ քայլի ջրերի վրայով: Պետրոսն ուզում էր համոզվել, որ միայն ծովերն ու օվկիանոսներն ստեղծողը կարող է իշխել Իր արարչագործության վրա:
Հիսուսը ջրերի վրայով քայլելով նպատակ չուներ ապացուցել Իր աստվածությունը: Ուղղակի դրանից առաջ Նա գնացել էր աղոթելու, և նավին հասնելու համար ջրերի վրայով քայլելն անհրաժեշտություն էր:
Երբ Պետրոսը խնդրեց, որ ինքն էլ քայլի ջրերի վրայով, նրա հավատքը դուր եկավ Հիսուսին: Նա հրամայեց, որ Պետրոսը քայլի ջրերի վրայով:
Աստված երբեք մեզ չի տանի դեպի մի իրավիճակ, որը կարող է վտանգավոր լինել:
Պետորսն ասաց՝ «Հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մոտ գամ» (Մատթ.14:28): Սա հավատքի ճիշտ ուղղությունն է: Պետրոսը նայում էր Հիսուսին, տեսնում էր միայն Նրան, ուզում էր գնալ Նրա մոտ և չէր նկատում ծովն ու ալիքները: Եվ Հիսուսի Խոսքը Պետրոսի համար դարձավ վեմ ու նա հաստատուն կանգնեց ջրերի վրա:
Բայց երբ Պետրոսը հայացքը Հիսուսից շրջեց դեպի ծովն ու ալիքները, նրան թվաց, թե ինքը խղճուկ է և անզոր: Ալիքները սկսեցին թափանցել Պետրոսի մտքերի մեջ և նրա մտքերը ալեկոծվեցին: Առաջ եկավ թերահավատությունը և նա սկսեց ընկղմվել: Սակայն վերջին պահին նա իր հայացքն ու խոսքը կրկին ուղղեց դեպի Հիսուսը: Եվ Հիսուսը մեկնեց Իր ձեռքն ու փրկեց Պետրոսին:
Գուցե այսօր դու էլ գտնվում ես խավարում՝ ալեկոծ ծովի վրա: Ուղղիր քո հայացքը դեպի Հիսուսը, ու Նա կմեկնի Իր ձեռքը: Դու կհասկանաս, որ Նա երբեք չի լքի քեզ ոչ մի իրավիճակում: Մի՛ մնա նավի մեջ, մի՛ սահմանափակիր ինքդ քեզ, վստահ եղի՛ր ու կքայլես ջրերի վրայով: Մի՛ հեռացրու հայացքդ Հիսուսից ու կհաղթես:
Սեփական լրատվություն