Քո հոգևոր ախորժակը
Հոկտեմբերի 11-ի կիրակնօրյա ծառայության սկզբում «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն իր հիացմունքն արտահայտեց Protestant.am կայքի թիմի վերաբերյալ: Կայքի 2-րդ տարեդարձը նշել էին նախօրեին: Միջոցառմանը ներկա էր եղել նաև հովիվը:
Նա բեմ հրավիրեց կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գոռ Կարապետյանին, ով եկեղեցուն պատմեց հոբելյանական միջոցառման մասին: Եկեղեցին՝ հովիվ Տիգրանի գլխավորությամբ, օրհնեց կայքի աշխատակազմին և աղոթեց նրանց համար:
Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր մի շատ կարևոր երևույթի՝ հավատացյալների հոգևոր քաղցին:
Եթե մարդ կորցնում է ախորժակը և քաղց չի զգում, նշանակում է ունի որոշակի առողջական խնդիրներ:
Նույնն է նաև հոգևոր ոլորտում: Եթե Աստծո Խոսքը կարդալու, Աստծուն ծառայելու քաղց չես զգում, ուրեմն լուրջ հոգևոր խնդիրներ ունես:
Ղուկաս 6:21-ում ասվում է. «Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք»:
Հոգևոր քաղցի պակասը նման է ֆիզիկական քաղցին և կարող է ունենալ հետևյալ հետևանքները.
1. Մարդը կորցնում է իր քաշը և ամեն մի թեթև քամի կարող է քշել-տանել նրան:
2. Մարդը կորցնում է իր ուժը: Քո ուժը քո արդարությունն է: Քո ուժը քո զորությունն է: Քո ուժը քո հավատն է: Քո ուժը Տիրոջ անունն է: Մի՛ կորցրու դրանք:
3. Մարդը կորցնում է պտուղ տալու ունակությունը: Սատանայի բոլոր «դեղամիջոցները» ուղղված էն ախորժակի դեմ: Երբ կորցնում ես ախորժակդ և քաղցի զգացողությունդ, դադարում ես ունենալ հոգևոր զավակներ:
4. Մարդը սկսում է սառչել: Սկսում է սառել մարդու հավատը և մարդու կյանքը:
5. Մարդը կորցնում է իմունիտետը: Եթե ճիշտ ես սնվում, ապա բարձր է քո իմունիտետը և ոչ մի հիվանդություն չի կարող քեզ հաղթահարել: Եթե լցված ես Աստծո Խոսքով, ապա սատանայի ոչ մի հնարանք չի կարող ներգործել քեզ վրա:
6. Ուղեղը չի աշխատում: Սնվիր Աստծո Խոսքով և ուղեղդ հիանալի կաշխատի ու կճանաչես սատանայի ամեն հնարանք:
7. Կանգնում է մարդու սիրտը: Եթե դու քաղց ես զգում Աստծո Խոսքի նկատմամբ, ապա քո ներքին մարդը կենդանի է, քո հոգին ջրվում է ու դու սկսում ես մարսել Աստծո Խոսքը:
Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի միշտ ախորժակ ունենաս և քաղց զգաս:
1. Պետք գտնվես այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր քաղցած են և ախորժակ ունեն: Հաճախի՛ր եկեղեցի:
2. Պետք դժվար աշխատանք կատարես: Ծանր աշխատանք կատարողի ախորժակը միշտ տեղն է: Ծառայիր Աստծուն, ավետարանիր, եղիր խնամակալ...
3. Մի՛ կեր ամեն պատահած բան: Մեր հանապազօրյա հացը Աստծո Խոսքն է: Գտի՛ր քո եկեղեցին, գտի՛ր քո քարոզչին և մի թափառիր եկեղեցուց եկեղեցի:
Սեփական լրատվություն