Քո պրոբլեմն ու Աստծո փառքը
Դեկտեմբերի 7-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ծննդյան օրն էր: Եկեղեցու անունից սիրելի հովվին շնորհավորեց Գոռ Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, որ անում է հովիվը եկեղեցու և յուրաքանչյուր հավատացյալի համար:
«Շնորհակալ ենք, որ դուք ամեն օր բախում եք երկնքի դռները՝ անդադար աղոթելով մեզ համար: Շնորհակալ ենք Ձեզ և Ձեր ընտանիքին, որ հոժարվել եք ապրել հասարակության ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես ասաց Գոռը, մեջբերելով հայտնի ուղերձը բոլոր հովիվներին:
Հովիվը շնորհակալական խոսքից հետո պատմեց Ռիգայում «Նոր սերունդ» միջազգային շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների և դրանցում իր և իր դստեր՝ Աննայի մասնակցության մասին: Անդրադառնալով հովիվ Ալեքսեյ Լեդյաևի հասցեին ռուսական հեռուստաալիքներով հինչած զրպարտություններին, հովիվը պատմեց, որ երբ խնդրել է հովիվ Ալեքսեյին մեկնաբանել այդ հաղորդումները, հովիվ Ալեքսեյը պատասխանել է. «Անեկդոտը չեն մեկնաբանում: Երբ այն մեկնաբանում ես, կորցնում է իր համը»:
Հովվի կիրակնօրյա պատգամի թեման էր. «Քո պրոբլեմը և Աստծո կամքը»:
Մենք բոլորս ուրախ ու երջանիկ լինելու կարիք ունենք: Ուրախ լինելու կարիք ունի նաև Աստված: Նա ուզում է, որ իրեն երկրպագեն ու փառաբանեն:
«Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան»,- ասում է Դավիթը սաղմոսում (Սաղմ.4:3):
Տերն ընտրել է քեզ, առանձնացրել է ամենքից, առանձնացրել է հիվանդությունից, անեծքից, պրոբլեմներից, մեղքից:
Նույն Դավիթը մեկ այլ սաղմոսում ասում է.
«Բայց ես կօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կփառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը» Սաղմ.59:16:
Դավիթը սա ասում է դժվարության, նեղության պահին, երբ Սավուղը մարդիկ էր ուղարկել իրեն սպանելու համար: Բայց Դավիթը գիտեր նեղությունից դուրս գալու գաղտնիքը, նա երկրպագում էր Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ Նա չէր լուծել իր պրոբլեմը:
Երկրպագության մեջ զորություն կա: Երբ երկրպագում ես, հեռանում են դևերը, անեծքները, տկարությունները:
Ուրեմն, եթե պրոբլեմ ունես, թշնամիներդ հարձակվել են, ընկճված ես, հուսահատվել ես, երկրպագի՛ր Տիրոջը: Բե՛ր քո պրոբլեմը Տիրոջ ներկայության մեջ: Տերը կլուծի այն:
Սեփական լրատվություն