Սիլվա Հարությունյանի վկայությունը
Աստված մեծ, հրաշագործ, բարի ու ողորմած է, և հիմա ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այն մեծ հրաշքով, որ Աստված արել է իմ կյանքում:
Մոսկվայում աշխատում էի դրամարկղում: Եղունգներս միշտ խնամված և հարդարված են եղել, սակայն դեկտեմբեր ամսից եղունգներիս հատվածում ինչ-որ կարծրություն ու ցավ էի զգում, փորձեցի մաքրող միջոցներ ձեռնարկել, ուսումնասիրել՝ հասկանալու համար,թե ինչպիսի խնդիր է առաջացել: Աստիճանաբար տեսանք, որ եղունգիս տակ դատարկվում է, և եղունգներս կարծես օդում կախված լինեին, սկսել էին փտել ու քայքայվել: Ընդհանուր մատներիս հատվածում սուր հոդային ցավեր ունեի:
Դիմեցինք բժշկին՝ մաշկավեներական բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշեցին անդրեղունգային գորտնուկներ: Այն ոչ այդքան հաճախ հանդիպող հիվանդություն է: Դրամարկղում աշխատելիս, երբ հանդիպում էի վնասված, փտած եղունգներով մարդկանց, միշտ մտածում ու վախենում էի, որ հանկարծ ինձ հետ նման բան չպատահեր: Ցավերը սարսափելի էին, քնել չէի կարողանում, անընդհատ ցավազրկողներ էի ընդունում, որպեսզի մի փոքր հանգստանայի:
Հունվարին ինձ մեկ այլ բժշկական կենտրոն խորհուրդ տվեցին, որտեղ ասացին, որ տաս մատներս էլ վարակված են գորտնուկներով, առաջարկեցին բուժում սկսել, որն իրենից ենթադրում էր բավականին թանկարժեք ընթացակարգ՝ ստուգումներ, ինսուլինի ասեղների միջոցով եղունգի չորս կողմերից դեղանյութերի ներարկումների երկար ու հարատև գործընթաց: 10 օր անընդմեջ պետք է լինեին ներարկումներ, հետո 2 շաբաթ դադար տալ և դարձյալ շարունակել տասնօրյա ներարկումները, հետո, եթե կարողանայի դիմակայել ողջ գործընթացին պետք է ազոտով վառեին: Բժշկուհին շատ սառնասրտորեն այս ամենը պատմեց, ասաց կներեք, բայց ավել ոչնչով չենք կարող միջամտել, և պետք է գիտակցել, որ շատ ցավոտ գործընթաց է սպասվում:
Երբ դուրս եկա մտամոլոր քայլում էի, փորձում էի պատկերացնել ողջ ցավալի ու դաժան ընթացքները, որ դրված էին իմ առաջ: Մետրոյով տուն էի գնում, անզուսպ արցունքները թափվում էին աչքերիցս ու մտածում էի, թե ինչու պետք է անցնեմ այս ամենի միջով: Հանկարծ ինչ-որ համոզվածություն ծագեց մտքումս, որ չեմ գնալու բուժումների: Հենց մետրոյի վագոնում նստած՝ սկսեցի խոսել Տիրոջ հետ, ասացի, որ չեմ նեղանում Իրենից, բայց եթե անգամ առանց եղունգների պետք է մնամ, միևնույն է չեմ գնալու բուժման: Ասացի Տիրոջը, որ գիտեմ, որ Իր աղջիկն եմ, ու ինքը թույլ չի տա, որ ես այդքան ցավերի միջով անցնեմ:
Ցավերը բնականաբար շարունակվում էին, ցավազրկող քսուկներ էի քսում: Մի քանի մատներիս վրա գրեթե եղունգ չէր մնացել: Մատներիս կապերը օրական մի քանի անգամ փոխում էի, օրվա ընթացքում հիմնականում ձեռնոցներով էի լինում՝ աշխատելիս, սնվելիս: Կրում էի բամբակե ձեռնոցներ, վրայից լատեքսե: Վերքերը հաճախ քրտնում էին, թրջվում ու սկսում սարսափելիորեն մռմռալ: Ինձ զգուշացրել էին, որպեսզի բաց մատներով երբեք չսնվեմ, քանի որ դա վարակիչ է, և նաև գոյություն ունեն կոկորդային գորտնուկներ, որոնք նույնպես կարող են տարածվել, և իհարկե հարկավոր էր զգուշություն պահպանել մարդկանց, ընտանիքի անդամների հետ շփվելուց՝ նրանց նույնպես չվարակելու նպատակով:
Սկզբում լացակումած զանգահարեցի Երևանի մեր ավագ ծառայող քույրերից մեկին՝ Ալլային, ով այքան տարի ամեն պահի մեր կողքին է եղել: Միասին աղոթեցինք, և նա մարգարեական խոսք ստացավ, որ մատներս մտցնեմ Աստծո լույսի մեջ, Աստծո մարմնի մեջ: Շատ ծառայողներ՝ Մոսկվայից, Երևանից միաբանվեցին աղոթքի մեջ՝ իմ բժշկության համար: Համացանցի միջոցով Երևանի Նոր սերունդ եկեղեցու անդամները բարեխոսական աղոթքի խումբ էին ձևավորել, որտեղ աղոթում էին շատ կարիքների համար, ու իրանց հետ միաբանվելով սկսեցինք անընդմեջ աղոթել և բժշկությունը արդեն աստիճանաբար սկսեց ակներև դառնալ:
Սկզբում եղունդներս զիգզագաձև էին աճում, իսկ հետո սկսեցին հարթվել: Հիմա արդեն ես մոռացել եմ բոլոր ցավերի ու տառապանքների մասին, ունեմ առողջ, եղունգներ ու մատներ: Փառք եմ տալիս Աստծուն Իր մեծ ողորմության համար, որ ինձ ազատեց իմ տառապանքներից ու սարսափելի ցավերից: Երբ բժիշկները հնարք չեն գտնում, Աստծո մոտ միշտ կա լուծում, և Նա ամեն պահի մեր կողքին է: