Սիրել մտքով

Սիրել մտքով

Սերը, որի մասին գրված է Աստվածաշնչում և որը ներկայացնում է Աստծուն, հաճախ այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք: Սերը միայն զգացմունք չէ, և եթե մենք սերը դիտարկում ենք միայն որպես զգացմունք, ապա մեր կյանքում սիրո հարցում ինչ-որ բան թերի է: Զգացմունքը սիրո մի դրսևորումն է միայն:

Երբ Հիսուսին հարցրեցին, թե ո՞ր պատվիրանն է ամենամեծը, Հիսուսը պատասխանեց.

«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով և քո ամբողջ մտքով»: Մտթ.22:37:

Ամենամեծ պատվիրանը սիրելն է: Սիրուց սկսվում են բոլոր օրհնությունները: Եթե դու սեր ունես, մնացած պատվիրաններն ինքստինքյան կկատարես: Սակայն շատերը սերը կապում են միայն սրտի հետ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հիսոսն ասաց՝ սիրիր մտքով:

Եթե դու չես կարողանում սրտով սիրել Աստծուն, դա դեռ չի նշանակում, որ դու բոլորովին չես սիրում Նրան: Դու կարող ես Նրան սիրել մտքով: Իհարկե, լավագույնն այն է, երբ դու սիրես և՛ սրտով, և՛ մտքով:

Սիրելու համար չպետք է կենտրոնանալ միայն զգացմունքի վրա, այլ պետք է ուշադրություն դարձնել նաև մտքին: Մտքով սիրել՝ նշանակում է մտածել նրա մասին, ում սիրում ես, գիտակցել, որ նա միակն է, անփոխարինելի է, անկրկնելի է:

Երբ դու ընկերոջդ հետ խնդիր ունես, ու քեզ ասում են գնա՛ նրա մոտ, խոսի՛ր, հաշտվի՛ր, հաճախ հակառակվում ես, ասելով, որ պատրաստ չես դրան: Այդպես դու առաջնորդվում ես միայն սրտով: Բայց հարկավոր է առաջնորդվել նաև մտքով: Աստծո խոսքը հորդորում է հաշտվել: Հետևաբար պետք է որոշես, թե ո՞րն է ավելի կարևոր քեզ համար՝ քո զգացմո՞ւնքը, թե՞ Աստծո խոսքը:

Երկուսն էլ կարևոր են, երկուսն էլ անհրաժեշտ են: Բայց Աստծո խոսքն առաջնային է: Աստծո խոսքը քեզ միտք է տալիս: Ու թեև միտքը առաջնային է, բայց միայն մտքով սիրելը նույնպես բավարար չէ:

Ինչպե՞ս սիրել մտքով:

Ամեն բան սնման կարիք ունի: Սերը նույնպես: Եթե չսնես, սերը կարող է մեռնել: Մտքումդ գովիր ընկերոջդ (կնոջդ, հովվիդ), կրկնիր, որ նա միակն է, որ նա ունի շատ դրական հատկանիշներ:

Սերը սնելու երեք աղբյուր կա՝ Աստված, սատանան և քո սիրտը: Աստծո կամքն է, որ հիշես միայն դրականը: Սատանան, ընդհակառակը, ստիպում է հիշել միայն բացասականը: Եթե դու քո միտքը հնազանդեցնես Աստծո խոսքին, սնես քո միտքը Աստծո խոսքով, սիրտդ էլ կհնազանդվի մտքիդ և կսկսի սիրել: Զգացմունքը կաճի:

«Բայց քո դեմ մի բան ունեմ՝ քո առաջին սերը թողեցիր: Ուրեմն հիշի՛ր, թե որտեղից ընկար և ապաշխարիր և վերադարձիր քո սկզբնական գործերին: Հայտ.2:4-5:

Հիսուսը հանդիմանում է եկեղեցուն առաջին սերը թողնելու համար և տալիս է վերադառնալու ճանապարհը՝ «Հիշի՛ր…»: Հիշում են մտքով: Միշտ հետևիր մտքերիդ ընթացքին: Թույլ մի տուր, որ սխալ մտքերդ ընկնեն սրտիդ մեջ ու սպանեն սերդ:

Թույլ մարդը տրվում է իր զգացմունքներին, ուժեղ մարդը իր մտքով ղեկավարում է իր զգացմունքները:

Տ. Թադևոսյանի 27.01.2079թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ