Սիրիայի ջհադիստները եկեղեցիներ են ոչնչացնում
Religions.am կայքը, հղում անելով mignews.com-ին գրում է, որ Ալ-Քաիդայի հետ համագործակցող ջհադիստները հինգշաբթի օրը վառել են Սիրիայի հյուսիսում գտնվող մի քանի եկեղեցիների խաչերն ու սրբաքանդակները:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները ներխուժել են հյուսիսային Ռակա քաղաքի հունակաթոլիկական Աստվածածին եկեղեցին և հրկիզել են եկեղեցու կրոնական խորհրդանիշներն ու ներքին հարդարանքի այլ պարագաները:
Իսլամիստները միաժամանակ նույն գործողությունները կատարել են նաև Ռակա քաղաքի հայկական կաթոլիկ եկեղեցում: Դրանից հետո զինյալները վառել են եկեղեցու աշտարակի վրայի խաչը, դրա փոխարեն այնտեղ տեղադրել են իրենց կազմակերպության դրոշը:
Այս տարվա մարտին Եփրատ գետի ափին գտնվող Ռակա քաղաքի մեծ մասը գրավել են հակակառավարական զինված խմբավորումները: Քաղաքի այն մասում, որտեղ իշխում են զինյալները, բնակչությունը գտնվում է շարիաթի (իսլամական օրենքի) խստագույն լծի տակ:
Վերջին ժամանակներս Սիրիայում հաճախակի են դարձել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները ընդդիմադիր խնբավորումների կողմից: Հարձակումներ են տեղի ունենում ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների և հրեական սրբարանների, այլև շիա մահմեդական մեջիթների վրա:
Աղբյուր՝ www.religions.am