Սիրո լեզուն. Օր չորրորդ:
Աղոթքը միաձուլվել էր երկրպագությանն ու լցրել բոլորի սրտերը, մտքերն ու ողջ էությունը: Երկրպագությունը դարձել էր աղոթք, աղոթքը դարձել էր խոսք, խոսքը դարձել էր քարոզ ու հորդում էր հովվի սրտից:
Ծոմի ու աղոթքի չորրորդ օրը լցված էր հույզերով, զգացմունքներով: Սերն ու ջերմությունը թևածում էին սենյակում: Աղոթքը հագեցված էր քարոզով, քարոզը լի էր աղոթքով, աղոթքն ու քարոզը պատված էին սիրով՝ աստվածային անսահման Սիրով:
Տե՜ր, Դու այստեղ ես: Դու գրկում ես յուրաքանչյուրին, առնում ես Քո սուրբ ձեռքերի մեջ ու օրհնում: Դու սիրում ես բոլորին:
Դու կանչեցիր մեզ, մեքն լսեցինք Քո ձայնը և եկանք: Դու սուրբ ես ու նաև սրբեցիր մեզ, ազատեցիր գերությունից՝ բացելով բանտի դռները:
Տե՜ր, Դու այլակերպվեցիր քո աշակերտների առջև ու դրանով մեզ ցույց տվեցիր, որ մենք էլ պետք է այլակերպվենք ու մեր սրտերը լցվելու են Քո Սիրով:
Սովորեցրու մեզ սիրել, սիրել այնպես, ինչպես Դու ես սիրում, ինչպես Հովսեփը սիրեց ու ներեց իրեն գերության վաճառած եղբայրներին, ինչպես Պողոսը սիրեց այն հավատացյալներին, ում հալածում էր ինքը, բանտարկում ու գլխատում էր նրանց: Բայց սիրեց, որովհետև Դու սովորեցրիր նրան սիրել:
Ամբողջ տիեզերքում կա մեկ լեզու, որը հասկանալի է բոլոր ազգերին, բոլոր մարդկանց: Դա Սիրո լեզուն է: Տե՜ր, սովորեցրու մեզ այդ լեզուն:
Փոխիր մեր սրտերը, ընդլայնիր մեր սրտերը: Փոխիր մեզ, որպեսզի այդ փոփոխության արդյունքում այլակերպվենք ու այն մեզ տանի դեպի կատարելություն: Ու մենք կսովորենք սիրել Քո աստվածային սիրով:
Սերն աստվածային երևույթ է, մի թույլ տուր, որ մենք ամաչենք սիրելուց:
Հարկավոր է շատ խոսել սիրո մասին, պետք չէ ժլատ լինել սիրո խոսքերի մեջ:
Մենք հաճախ առաջին տեղում դնում ենք հավատը: Բայց պետք շեշտը դնել ոչ թե հավատի, այլ Սիրո վրա:
Սերը հզոր ուժ ունի:
Սեփական լրատվություն