Սխալներ և դիրքորոշում

Սխալներ և դիրքորոշում
«Նոր սերունդ» եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 24-ին մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեց հովիվներ Տիգրանին ու Հայկուհուն: Յոթամսյա ընդմիջումից հետո եկեղեցին ու հովիվները կրկին միասին են՝ միավորված Հիսուսի հավատով ու հոգևոր փոխադարձ ջերմ սիրով:
Հայկուհի Բաբայանը համառոտ պատմեց իր ապրումները բաժանման օրերին և ներկայացրեց իր նոր երգը՝ որ դուրս էր հորդում նրա հոգուց և լցվում ներկաների սիրտը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանն իրեն հատուկ խորաթափանցությամբ և ուրախությամբ իր քարոզը նվիրել էր քրիստոնյաների սրբությանը, մեղքերին, սխալներին, սայթաքումներին և դրանց դեմ պայքարելու, սրբության մեջ ապրելու հնարավորություններին:
Հովիվը որպես հիմք մեջբերեց երկու հատված Աստվածաշնչից: Առաջինը՝ «Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը» (1 Պետ. 1:15): Երկրորդը՝ «Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս» (Հակ. 3:2): Առաջին հայացքից թվում է, թե այս երկու համարները հակասում են միմյանց: Մի կողմից՝ «սուրբ եղեք», մյուս կողմից՝ «մեղանչում ենք ամենս»: Սակայն Աստվածաշնչում հակասություններ չկան: Եթե քրիստոնյան Հիսուսին ընդունել է որպես Տեր և որպես Փրկիչ, եթե նա որոշում է կայացրել ապրել սրբությամբ, եթե նա սիրում է Տիրոջը, ապա սա քրիստոնյայի դիրքորոշումն է: Սուրբ լինելը արտահայտվում է այս դիրքորոշմամբ: Իսկ սայթաքելուց, սխալվելուց երաշխավորված չէ ոչ մեկը, անգամ ինքը՝ Հակոբոս առաքյալը, ով գրում է «մեղանչում ենք ամենս»:
Սայթաքելու, սխալվելու դեպքում այսպիսի դիրքորոշում ունեցող քրիստոնյային Տերը միշտ կօգնի շտկվել, Նա ոտքի կկանգնեցնի իր սուրբերին:
Սակայն եթե մեղքն ու սխալը մարդու դիրքորոշում են, ապա դա վտանգավոր է, այդպիսի մարդը կամավոր ընտրել է մեղքն ու աշխարհը, և Տերը չի խախտի նրա ազատ ընտրության իրավունքը: Սակայն, անառակ որդու նման, երբեք չեն բացառվում զղջումն ու վերադարձը, ու Հայրը այդ դեպքում էլ կընդունի վերադարձած զավակին:
Տեսանյութը՝ շուտով։
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ