Սխրանքը

Սխրանքը
Մի զորամասում այսպիսի դեպք է պատահել: 
Զորամասի հրապարակում, ուր ընթանում էին շարային վարժություններ, մի սպա նռնակ է նետում նորակոչիկների դասակի ոտքերի տակ: Բոլոր զինվորները խուճապահար փախչում են` փրկվելով անխուսափելի մահից: Զինվորներից ոչ ոք չգիտեր, որ նռնակը իսկական չէ: Սպան այն նետել էր, որպեսզի ստուգի զինվորների արագ կողմնորոշվելու ընդունակությունները:
Որոշ ժամանակ անց զորամասը համալրվում է նորակոչիկներով: Սպան որոշում է կրկնել կեղծ նռնակի հնարքը նորերի համար: Այն զինվորներին, ովքեր գիտեին կեղծ նռնակի մասին, սպան նախապես խնդրում է անտեղյակ ձևանալ:
Երբ սպան նռնակը գցում է զինվորների ոտքերի առաջ, նախորդ անգամվա նման բոլորը խելակորույս դես ու դեն են փախչում: Բայց մի նորակոչիկ, չիմանալով, որ նռնակը կեղծ է, պառկում է նռնակի վրա, որ իր մարմնով պաշտպանի ընկերներին նռնակի պայթյունից: Նա պատրաստ էր զոհվել հանուն ընկերների:
Շուտով զինվորին պարգևատրում են խիզախության համար: Սա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ խիզախության համար պարգևատրում են ոչ պատերազմական իրավիճակում:
Մեզնից յուրաքանչյուրը, հայտնվելով նման իրավիճակում, ամենայն հավանականությամբ մյուսների նման հեռու կփախչեր: Ու մտքներովս էլ չէր անցնի մեռնել ուրիշների համար, հատկապես իմանալով, որ նրանց մեջ վատ մարդիկ էլ կան:
Իսկ մեր Տերը զոհվեց հանուն մեղավորների, փրկելով մեզ խաչ բարձրացված Իր մարմնով:
«Քանի որ հազիվ թե արդարի համար որևէ մեկը մեռնի (թերևս լինի մեկը, որ բարի մարդու համար համարձակվի մեռնել), բայց Աստված Իր սերը հայտնեց մեզ դրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար» Հռոմ.5:7-8:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ