Սուրբ Ծնունդը՝ Աստծո ռեվանշ
Հիսուսի ծնունդն իր մեջ շատ գաղտնիքներ ու խորհուրդներ ունի: Մենք Հիսուսի ծնունդը պատկերացնում ենք այնպես, ինչպես մեզ սովորեցրել են՝ խաղաղ գիշեր, կապուտաչյա մանուկ…
Սակայն դա ուղղակի մի մանկան ծնունդ չէր: Դա գլոբալ, համատիեզերական իրադարձություն էր, որ նույնիսկ աստղերը ցույց տվեցին: Մոգերը, օկուլտիստական աշխարհը եկան ու խոնարհվեցին այդ մանկան առաջ: Կգա ժամանակը, երբ ամբողջ օկուլտիստական աշխարհը կընկալի Հիսուսի մեծությունը և կխոնարհվի Տիրոջ առաջ:
Սուրբ Ծնունդի օրերին Հիսուսին միշտ ներկայացնում են որպես մանուկ: Ինչո՞ւ: Մի՞թե ցանկացած մարդու տարեդարձը նշելիս ցուցադրում են նրա մանուկ նկարը: Իհարկե ոչ: Սրանով աշխարհը խուսափում է ցույց տալ, որ ծնվել է հզոր, կրակոտ Աստվածը, որի ծնունդը Աստծո ռևանշն էր մեղքի նկատմամբ:
Սուրբ Ծնունդով վերականգնվեց այն իշխանությունը, որը սատանան խլել էր մեղքի պատճառով: Խզվել էին հարաբերությունները մարդու և Աստծո միջև: Հիսուսը՝ Աստծո Որդին, մարմին առավ, ծնվեց որպես մարդ և դրանով վերականգնեց հաղորդակցությունն Աստծո հետ: Նա ծնվեց, որպեսզի սատանայից խլի դժոխքի բանալիները, որպեսզի ինձ ու քեզ փրկի դժոխքից ու հավիտենական կյանք տա:
Աստված չէր նախատեսել, որ մարդ պիտի մահանա: Մարդը պիտի ապրեր հավիտյան: Բայց սատանան մեղքի միջոցով մահ էր բերել: Հիսուսի ծնունդը կործանեց մահը և վերականգնեց հավիտենական կյանքը:
Իսկ ո՞րն էր Աստծո շարժառիթը: Ինչո՞ւ Նա Իր միածին որդուն տվեց, որպեսզի մարդուն ազատի մեղքի իշխանությունից: Աստծո շարժառիթը Սերն էր: Հիսուսի ծնունդը Աստծո այցելությունն էր մարդուն: Աստծո այցելությունը Նրա շնորհի անբաժանելի մասն է: Երբ Աստված ուզում է մեկին օրհնել, Նա նախ այցելում է նրան:
Ինչպե՞ս կարող էր Հիսուսի ծնունդի ժամանակ լինել խաղաղ գիշեր, եթե այդ օրը կատարվեց հետևյալը՝
«Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»: Ղուկ.2:13-14:
Եթե մի երկրում բարձունքներում չեն փառաբանում Աստծուն, ապա այդ երկրում խաղաղություն չի կարող լինել: Քրիստոնեությունը միայն անհատների անձնական հարաբերությունը չի Աստծո հետ: Քրիստոնեությունը նաև քաղաքների, պետությունների, ազգերի հարաբերությունն է Աստծո հետ:
Քրիստոսի ծնունդը Աստծո թագավորությունը բերեց մարդու կյանքի մեջ: Դրանով այն մարդկանց հաճություն բերեց:
Եթե դու գտնում ես, որ Քրիստոսը ծնվել է քեզ համար, ապա քո մեջ պետք է լինեն այս երեքը՝ Աստծո փառաբանությունը, խաղաղությունն ու հաճությունը: Երբ դու խորությամբ ընկալում ես Հիսուսի ծնունդի խորհուրդը, դու այլևս չես կարող չսիրել Նրան: Աստված քեզ սիրեց այն ժամանակ, երբ դու դեռ մեղավոր էիր: Հիսուսը մարդկանց բերեց Աստծո Սերը:
Հիսուսի ծնունդը ոչ թե Աստծո փառքի, այլ Աստծո Սիրո ռևանշն էր:
Հիսուսին ընկալիր ոչ թե որպես մի գեղեցիկ մանուկ, այլ որպես հզոր Թագավոր, ոչ թե որպես Աստծո Գառնուկ, այլ որպես Հուդայի առյուծ, ոչ թե որպես խոնարհ երիտասարդ, այլ որպես արդար Դատավոր:
Եթե քո կյանքում որևէ բան գողացված է, այն անպայման պիտի վերադարձվի, որովհետև սատանան այլընտրանք չունի, որովհետև Հիսուս ծնվեց և հայտնվեց: Փա՜ռք Նրան:
Տիգրան Թադևոսյանի սուրբծննդյան քարոզից
Սեփական լրատվություն