Տաք թեյ՝ մոշով: Առակ
Մի մարդ մրսեց ու հիվանդացավ: Կինը նրան թեյ տվեց: Տաք թեյ՝ մոշով: Մարդը խմեց, քրտնեց ու առողջացավ:
Հաջորդ օրը նրանց այցելեցին բժիշկները: Երբ իմացան, որ մարդը թեյ է խմել և առողջացել, մեծ աղմուկ բարձրացրին: Սկսեցին մեղադրել ամուսիններին, թե նրանք խարխլում են պաշտոնական բժշկության հիմքերը, քայքայում իրենց բազմամյա հեղինակությունը: Բժիշկները դեմ չէին թեյին, բայց պնդում էին, որ կարելի է խմել միայն իրենց եփած հատուկ թեյը՝ պոլիկլինիկայում, բժիշկների ներկայությամբ և հսկողությամբ:
Սրանցից հետ եկան ուրիշ բժիշկներ: Սրանք հերքեցին առաջինների ասածները: Իրենք ասացին, որ թեյ կարելի է խմել ամենուր, նաև տանը: Բայց երբ իմացան, որ թեյը պատրաստել էր կինը, նունպես անչափ վրդովվեցին: Իրենք համոզված էին, որ թեյ պատրաստելու իրավունք ունեն միայն տղամարդիկ:
Բժիշկներից հետո եկան քաղաքական գործիչները ու մեղադրեցին ամուսիններին հայրենադավության մեջ, քանի որ թեյը տեղական չէր, այլ բերված էր արտասահմանից:
Հետո էլ եկան դեղագործներն ու սկսեցին համոզել ամուսիններին, որ թեյ ընդհանրապես գոյություն չունի, որ թեյն իրենց հիվանդոտ երևակայության արդյունքն է: Գոյություն ունի ասպիրին: Նաև՝ կոլդրեքս: Իսկ թեյ, առավել ևս՝ մոշով, գոյություն չունի: Դա դրսի ուժերի նենգ հնարանքն է՝ նենգ նպատակներով:
Ամուսինները խոնարհ ժպիտով լսում էին բոլորին ու շարունակում թեյ խմել՝ մոշով, մոռով, հոնով, հաղարջով ու սև թթով: Իսկ երբ հիվանդանում էին բժիշկները, դեղագործները կամ քաղաքական գործիչները, ամուսինները տխրում էին ու ափսոսում, որ նրանք թեյ չեն խմում: Տաք թեյ՝ մոշով:
Մի՛ փորձեք խարխլել ուրիշների հավատը:
Աշոտ Հովսեփյան