Թաքնված գանձ կամ գաղտնի գործարք
«Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին»,- ասված է Ղուկաս 19:10-ում:
Մի՞թե կա ինչ-որ բան, որի տեղը Աստված չգիտեր և որոնելու կարիք ուներ: Մի՞թե կա Նրանից թաքնված որևէ բան:
Հարցի պատասխանը գտնում ենք Մատթ. 13:44-ում.
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ, որ ունի ծախում է, եւ արտը առնում։»։
Թաքցրած գանձը մենք ենք՝ ես և դու: Արտը աշխարհն է, թաքցնողը՝ սատանան, գտնողը՝ Ինքը, Աստվածը:
Սատանան մեզ թաքցրել էր աշխարհում՝ մեղքի, ինքնաթերագնահատման, հիվանդությունների, հուսահատության միջոցով: Սակայն Հայրը տվեց Իր ամենաթանկ բանը, որ ուներ, Իր Որդուն, որպեսզի փոխարենը ձեռք բերի մեզ: Սա մի գաղտնի գործարք էր Հոր և Որդու միջև:
Սատանան ուրախացավ: Նա համոզված էր, որ գլխավոր գանձի՝ Որդու մահը իրեն հնարավորություն կտա տիրանալու մնացած բոլոր գանձերին՝ մեզ: Նա ամեն բան արեց, որ իրականանա այդ գործարքը՝ մատնեց Հիսուսին, ամբաստանեց Նրան և խաչ բարձրացրեց: Բայց սատանան չգիտեր գործարքի գաղտնի կողմը, նա չգիտեր, որ Հիսուսը հարություն է առնելու, լուսավորելու է ամեն ծածուկ, թաքցրած բան, ի հայտ է բերելու բոլոր գանձերը, հանելու է նրանց արտից ու տանելու է Իր Հոր մոտ:
Հովիվ Տիգրան Թադևոսյան