Տաճա՞ր, թե՞ ավազակների որջ

Տաճա՞ր, թե՞ ավազակների որջ

Աստված ապրում է տաճարներում, Նա չի ապրում ավազակների որջում:

Տաճարը և եկեղեցին է, և մենք՝ հավատացյալներս, որովհետև Գիրքն ասում է՝ դուք Աստծո տաճարն եք (1 Կոր.3:16):

Եթե Աստված բնակվում է քո մեջ, ուրեմն Նա ցանկանում է օրհնել քեզ ու բարձրացնել: Բայց Աստված կբնակվի քո մեջ, եթե քո սիրտը ուղիղ է Տիրոջ առաջ:

Մենք պետք է հետևենք մեր սրտին: Եթե մեր սրտում չի բնակվում Աստված, ապա մենք դադարում ենք Աստծո տաճար լինելուց և վեր ենք ածվում ավազակների որջի: Վեր ենք ածվում աստիճանաբար, աննկատ:

Նույնն է նաև եկեղեցում: Եթե եկեղեցու առաջնորդների սիրտը մաքուր չէ, ապա դա շուտով փոխանցվում է եկեղեցուն և եկեղեցին Աստծո տաճարից վեր է ածվում ավազակների որջի:

«Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան»։ (Մատթ. 21:12):

Երբ Հիսուսը մտնում էր Երուսաղեմ, քաղաքում սկսվեց արթնություն, փառաբանություն, տոն ու աղաղակ (Մատթ.21:1-12): Բայց Հիսուսը չնայեց դրան և ուղղվեց դեպի ամենակարևոր վայրը, որտեղից սկսվում է ամեն բան, որտեղ լուծվում են բոլոր խնդիրները: Նա գնաց տաճար:

Եթե եկեղեցին ավազակների որջ է, ապա քաղաքում ամեն տեղ ավազակներ կլինեն: Եթե եկեղեցում բոլորը սուրբ են, ապա քաղաքը կլինի սրբության մեջ:

Եթե եկեղեցու առաջնորդները ավազակներ են, ապա ամբողջ եկեղեցին ու կառավարությունը կլինեն ավազակներ: Եվ ամբողջ ժողովուրդը կդառնան ավազակներ: Երկրի կարգուկանոնը սկսվում է եկեղեցուց:

Հիսուսը մտավ տաճար ու դուրս արեց ավազակներին: Հիսուսը քննում է մեր սրտերը և կարող է մաքրել դրանք: Բայց դրա համար անհրաժեշտ է կատարյալ հնազանություն.

«Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի»: 2Կոր.10:6:

Եթե աղոթքը վերանում է հավատացյալի կյանքից, ապա նրա սիրտը շուտով կվերածվի ավազակների որջի, որովհետև գրված է՝ «Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի»:

Ավազակներին դուրս անելուց հետո Հիսուսոը բժշկեց կույրերին ու կաղերին: Ուրեմն երբ եկեղեցին մաքրվի ավազակներից, մեր երկրի բժշկությունը կգա:

«Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կթողեմ, որ բնակուէք այս տեղը»: Երեմ.7:3:

Շտկե՛ք ձեր ճանապարհները, լավացրե՛ք ձեր գործերը, որպեսզի Տերը թողնի բնակվեք ձեր երկրում: Այս երկրում ապրելու համար պետք է մաքրենք մեր սրտերը: Կա երկու ճանապարհ՝ կամ ինքներս պիտի մաքրենք մեր սրտերը, կամ, որ ավելի ցավոտ է՝ Տերը կմաքրի դրանք:

Եղի՛ր Աստծո տաճարը, մի՛ վախեցիր: Մի՛ միաբանվիր ավազակների հետ: Ուշադի՛ր եղիր քո սրտի նկատմամբ, մերժի՛ր ավազակներից եկած մտքերը և թո՛ւյլ տուր, որ Աստծուց եկած մտքերը գան:

Ընտրությունը քոնն է՝ կամ կլինես Աստծո տաճարը, կամ կդառնաս ավազակների որջ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ