Ճեղքի՛ր և մոտեցի՛ր Հիսուսին
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի փետրվարի 21-ի կիրակնօրյա պատգամը հորդոր էր՝ ուղղված եկեղեցի հաճախող բոլոր հավատացյալներին.
Եկեղեցի գնալիս քո նպատակը չպետք լինի որևէ այլ բան, քան Հիսուսին հանդիպելը:
Մարդիկ հաճախ եկեղեցի են գնում, որպեսզի բժշկվեն: Սակայն բժշկողը եկեղեցին չէ, բժշկողը Հիսուսն է:
«…Այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։ Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում» (Ղուկ.7:37-38)։
Երբ կինը եկավ այդ տունը, նրա նպատակը մեկն էր՝ հպվել Հիսուսին: Նա ուշադրություն չդարձրեց ոչ մեկին, հաշվի չառավ ոչ մեկի կարծիքը:
Դու նույնպես, եկեղեցի գնալիս մի մտածիր, թե ում կհանդիպես, ով ինչ կասի: Վճռական առաջ գնա, մինչև հանդիպես Հիսուսին:
Փարիսեցու տան մոտ հավանաբար հսկողություն կար: Մարդիկ կարող էին թույլ չտալ, որ մեղավոր կինը մտնի փարիսեցու տուն: Բայց կինը ճեղքեց ամեն տեսակ հսկողություն և հանդիպեց Հիսուսին:
Հաճախ հսկողությունը դրսից չէ, հսկողությունը քո ներսից է: Մի՛ կաշկանդվիր, հեռացրո՛ւ այդ հսկողությունը քո կյանքից: Ազատ եղի՛ր, աղոթի՛ր ազատության համար:
Հիսուսը վերջում այդ կնոջն ասաց՝ «Քո հաւատքն ապրեցրեց քեզ. Գնա խաղաղութիւնով» (Ղուկ.7:50):
Ո՞րն էր այդ կնոջ արժանիքը, որ Հիսուսը ներեց նրան: Կինը Ճեղքեց հսկողությունը, հպվեց Հիսուսին, երկրպագեց Նրան, պատվեց Նրան:
Ուրեմն եկեղեցի գնալիս դու նույնպես ճեղքիր ամեն արգելք ու մոտեցիր Հիսուսին:
Սեփական լրատվություն