Տիեզերագիտական փաստարկներ

Տիեզերագիտական փաստարկներ
Առանց հեղուկ ջրի օրգանական կյանք չի կարող գոյություն ունենալ: Որպեսզի ջուրը լինի հեղուկ վիճակում, մոլորակի հեռավորությունը Արևից պետք է լինի որոշակի և բավականին նեղ սահմաններում:

Եթե Երկիր մոլորակի հեռավորությունն Արեգակից  5%-ով պակաս լիներ, ողջ ջուրը կգոլորշանար: Եթե լիներ 10%-ով ավելի հեռու, ջուրը սառույց կդառնար: Ուրեմն՝ 150 միլիոն կիլոմետրն այն ճիշտ հեռավորությունն է, որը հնարավոր է դարձնում  երկիր մոլորակի ջրի՝ հեղուկ վիճակում հարատևելը: Մոլորակի ուղեծիրը պետք է լինի գրեթե շրջանաձև,  որպեսզի այն պտտվի իր սեփական առանցքի շուրջը  24 ժամում: Եթե պտտվի ավելի արագ, ապա կառաջանան մեծ մրրիկներ և փոթորիկներ, որոնք կքանդեն կառույցները: Եթե պտտվի ավելի դանդաղ, մոլորակի մեկ երեսը կտաքանա 50 աստիճանից ավելի, իսկ մյուս երեսը կսառչի՝  ոչնչացնելով կենդանական աշխարհը:

Երկրի վրա մարմինների ազատ անկման արագացումը 9,8 մ/վ2 է:  Եթե այն լիներ 10%-ով ավելի, մթնոլորտում կկուտակվեին ամոնիակ և մեթան, որոնք թունավոր գազեր են: Եթե 10% պակաս լիներ, ջրային գոլորշիները կվերանային երկրի մակերեսից:

Լուսինը միակ արբանյակն է մեր համակարգում, որի զանգվածը Երկրի 1/3-ն է կազմում: Այս մեծ զանգվածն ապահովում է Երկիր մոլորակի պտտման առանցքի 23 աստիճան թեքությունը և, հետևաբար, տարվա չորս եղանակների շարունակաբար միմյանց հաջորդելը՝  կայուն պահելով նրա օրական 24 ժամ պտտման հարատևությունը:

Երկրի և Յուպիտերի միջև  կան մեկ միլիմետրից  մինչև 100կմ մեծության բազմահազար աստղաքարեր՝ աստերոիդներ: Զարմանալիորեն, Յուպիտերի վիթխարի զանգվածը և նրա հեռավորությունը Երկրից այնքան ճշգրիտ են նախանշված, որ Յուպիտերն իր հսկա ձգողական ուժով կլանում է այս վտանգավոր աստղաքարերը և նվազեցնում նրանց ամեհի հոսքը դեպի Երկիր: Հավանականությունը, որ այս 90-ից ավելի ճշգրիտ զուգադիպումները լոկ պատահական բնույթ կկրեն ու պատահաբար առաջացած կլինեն, հավասար է մեկ և 40 զրոներով բաժանելուն՝  1/1040, որը գործնականում հավասար է զրոյի, այսինքն՝ անհավանական է: Այլ կերպ ասած, ավելի մեծ հավատ է պետք՝ պնդելու համար, որ Երկիր մոլորակը և նրա կենդանական աշխարհը պատահաբար են առաջացել, քան թե ասելու, որ կա ծրագրավորում և մի մեծ Արարիչ նրա ետևում:

«Մարդկային ուղեղում ստեղծված թվաբանական տեսության համադրումը բնության մեջ հայտնաբերված օրենքների հետ այնպես է զուգորդվում, որ կարծես այն աստվածային մի պարգև է մեզ տրված, որին ո՛չ արժանի ենք,  ո՛չ էլ կարող ենք այն ըմբռնել»:

Ահա թե ինչ է ասում ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը հայտնաբերողը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրեն աթեիստ համարող Սըր Ֆրանսիս Կրիկը.                                      «Ծագումնաբանական հարցերը պրպտող ուղղամիտ անհատը պարտավոր է ասել, որ կյանքի ծագումը այսօր հնարավոր է բացատրել լոկ հրաշքով, ի տես այն բազմաթիվ պայմանների, որոնք հարկ է բավարարել, որպեսզի անկենդան մոլեկուլներից կենդանական բջիջ առաջանա»:

Ավելին ՝ մարդկային ԴՆԹ-ն բաղկացած է 3 միլիարդ զույգ հիմքերից, որոնք կազմվում են ինը միլիոն չորս տեսակ նուկլեոիդներից, և յուրաքանչյուր նուկլեոիդն ունի 40 ատոմների խումբ: Այս ԴՆԹ-ի կառույցը կոչվում է զույգ պարույր, որոնք իրար ագուցված են չորս նուկլեոիդների շղթաներով, և այս բոլորը համակցված է՝ չափած-ձևված:  ԴՆԹ-ի վիթխարի տեղեկագրությունը համարժեք է 1.000 հատորանոց մի գրքի, որի յուրաքանչյուր հատորը բաղկացած է 500 էջից: Ահա բնորոշված մի բարդություն. ինչպե՞ս կարելի է այս հսկայական տեղեկագրության կառույցը վերագրել զուտ պատահարի:

Կենդանի բջիջը, որ հազար միլիարդ (տրիլիոն) անգամ ավելի փոքր է, քան Վիկինգ տիեզերանավը, մեր օրգանիզմի պարզ հիմնաքարն է: Մեր մարմինը բաղկացած է հազար միլիարդ բջիջներից, ուր յուրաքանչյուր բջիջ կարող է կատարել 40.000 գործողություն և ավելին՝ վերարտադրել իր կառույցը մի քանի ժամվա ընթացքում: Չնայած այս հրաշալի կառուցվածքին, կենսաբանները նրա գոյությունը վերագրում են անկախ, պատահական օրենքներից առաջացած համակարգի: Արդյոք  ո՞րն է  ավելի  հավաստի. պատահա՞րը, թե՞ ծրագրավորումը:

Երբ անդրադառնում ենք վիթխարի գաղտնիքներով,  օրենքներով, բարդ հարցերով լեցուն Տիեզերքին և մարդու զարմանահրաշ ուղեղին, անհնար է դառնում այս ամենի հետևում չտեսնել մի մեծ Միտք:

Գնել Դուրյան

Հ.Գ. «Սկզբում էր Բանը (հուն. լոգոս՝ խոսք, գաղափար, միտք) և Բանն Աստծո մոտ էր և Բանն Աստված էր: Նա սկզբում Աստծո մոտ էր: Ամեն ինչ Նրանով եղավ. և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ: Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր: Եվ Լույսը խավարում լույս է տալիս, և խավարը չճանաչեց Նրան»: (Հովհ. 1:1-5)

Աղբյուր՝crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ