Տիրոջ ուրախությունը քո զորությունն է

Տիրոջ ուրախությունը քո զորությունն է

Պողոս առաքյալը բազմիցս պատվիրում է՝ «Ուրախ եղեք»: Նույնիսկ ավելացնում է՝ «Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ»: (Փիլ.4:4):

Ուրախության առիթները տարբեր են, կան երևացող առիթներ և աներևույթ առիթներ: Ամեն դեպքում փնտրիր ուրախության առիթը, քանի որ ուրախությունը կարևոր է, այն դեղ է, բժշկում է մարդուն, զորություն է տալիս, որ մարդ հաղթահարի դժվարությունները: Ինչ տխրություն էլ պատահի կյանքում, այն միշտ ավելի փոքր է, քան քո սրտի ուրախությունը: Ինչպես բարին ուժեղ է չարից, լույսն ուժեղ է խավարից, այնպես էլ ուրախությունը ուժեղ է տխրությունից:

Եթե դու քո գործն ուրախությամբ ես անում, այն անպայման կհաջողվի: Տխրությամբ արված գործը հաջողություն չի ունենա: Ինչպես որ մարդիկ ամեն օր վազում են հացի ետևից, այնպես էլ պետք է վազել ուրախության ետևից:

Կհարցնես, թե ինչպե՞ս ուրախանամ, որտե՞ղ է ուրախության աղբյուրը:

Բաբելոնյան գերությունից վերադարձած ժողովուրդը հավաքվել էր Երուսաղեմի հրապարակներից մեկում: (Նեեմ. 7,8): Այնտեղ մի բեմ էին պատրաստել, ժողովրդի առաջնորդները բարձրացել էին այդ բեմի վրա, «կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»։ Նեեմ.8:8:

Ժողովուրդը հասկացավ Աստծո Խոսքը և սկսեց լաց լինել, որովհետև հասկանում էին, թե որքան մեղավոր են իրենք: Սակայն առաջնորդները նրանց պատվիրեցին չտրտմել, այլ ուրախանալ, քանի որ հասկացել էին Աստծո Խոսքը.

«Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»: Նեեմ.8:10:

Երբ դու կարդում և հասկանում ես Աստծո խոսքը, դա մեծագույն առիթ է ուրախանալու համար: Ուզո՞ւմ ես հաղթել՝ քեզ զորություն է պետք: Իսկ զորության համար ուրախություն է պետք, քանի որ «Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»:

Մեր հասարակության մեջ հաճախ տխրությանն ավելի մեծ տեղ են տալիս, քան ուրախությանը, բայց պետք է հակառակը լինի:

Իսրայելի ժողովուրդը գերության մեջ էին եղել և ուրախանալու առիթ չէին ունեցել: Նրանք հնարավորություն չէին ունեցել կարդալ ու հասկանալ Տիրոջ Խոսքը: Սակայն երբ կարդացին և հասկացան, մեծ ուրախություն եղավ.

«Իսրայէլի որդիքը Նաւեան Յեսուի օրերից մինչեւ այն օրը այնպէս չէին արել. Եւ շատ մեծ ուրախութիւն եղաւ»: Նեեմ.8:17:

Շատերն այսօր տարբեր երևույթներից գերության մեջ են: Բայց եթե ազատվես գերությունից, կարդաս Աստծո Խոսքը և հասկանաս, քո կյանքում նույնպես մեծ ուրախություն կլինի:

Տեր Հիսուսի նպատակներից մեկն էլ ուրախություն տալն էր՝ Նա եկավ, որպեսզի «ուրախության յուղ տա սգի տեղ»: Ես.61:3:

Տիգրան Թադևոսյանի 16.07.2017 պատգամից:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ