Ծոմապահության շաբաթ: Աղոթք եկեղեցու աճի համար
«Նոր սերունդ» եկեղեցում շարունակվում է ծոմապահության և աղոթքի շաբաթը։
Ամեն երեկո եկեղեցու անդամները հավաքվում են գրասենյակում, երկրպագում Տիրոջը, խոսք լսում ու միասին աղոթում։
Ծոմապահության երրորդ օրը նվիրված էր եկեղեցու աճին ու ավետարանչությանը։
Հովիվ Տիգրան Թադևոսյանն առաջարկեց միասին խորհել ավետարանչության մասին, քննել ինքներս մեզ, թե ինչ կարևորություն ունի մեզ համար ավետարանչությունն ու եկեղեցու աճը, որքան ենք մենք մտածում մարդկանց փրկության մասին և ինչ ենք անում դրա համար։
Եթե ավետարանչություն չի լինում, եթե եկեղեցում նորահավատներ չկան, ապա եկեղեցու ծառայությունների մեծ մասը կորցնում է իր իմաստը, որովհետև այն ամենն ինչ մենք անում ենք, ինչ կառուցում ենք, կամ իրականացնում ունի մեկ նպատակ՝ մարդկանց փրկությունն ու Աստծո Արքայության համար նոր հոգիներ շահելը։ Շատ լավ է, որ մենք Տիրոջ մեջ ենք, միասին հավաքվում ենք, բայց միշտ պետք է հիշենք․ Տերն ինձ ու քեզ կանչել է ոչ թե, որ փրկվենք, այլ որ մեր փրկության միջոցով ուրիշներին փրկի։
«Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, և հաց էին կտրում տներումը, և ուրախութիւնով և սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում»: (Գործք 2:46)
Ավետարանի քարոզչության մեթոդներն ու ձևերը բավականին շատ են, շատ են նաև ավետարանելու արգելքները շրջանցելու ձևերը։ Բայց կա նաև պարզ խոսք, որ դիպչում է մարդկանց սրտերին։ Ինչպես էր առաջին եկեղեցին աճում և ինչպես էին մարդիկ միմյանց պատմում բարի լուրը։ Այդ ժամանակ անգամ գիտություն չկար շատ, բայց մարդիկ ընդունում էին ու Քրիստոսի համար փոխում ողջ կյանքի ընթացքը։ Մենք ինքներս մի օր լսել ենք մի խոսք, որն անտարբեր չի թողել մեր սիրտը։
Ամեն մի խոսք կարող է ունենալ զորություն։ Բայց կա խոսք, որ կարծես դառնում է սովորական մեզ համար ու կորցնում իր զորությունը։ Հենց կրոնը այն երևույթն է, երբ մարդը խոսքը գիտի, արտաբերում է խոսքը, բայց դրա զորությունն այլևս չկա։ Դու չես կարող ասել մի բան, եթե չես գիտակցում դրա իմաստը, կարևորությունը։ Խոսքը մարդու վրա ազդում է, եթե դրա մեջ զորություն կա։ Եթե անգամ տալիս ես Հիսուս անունը ու պատմում ես Իր մասին, պետք է զորություն արձակվի, իսկ այդ զորությունը կարող է լինել, եթե քո սիրտն իսկապես վառվում է Հիսուսի համար, ու ճանաչողություն ունես, ով է Հիսուսը քեզ համար ու գիտակցում ես Իր գործերը քո կյանքում։ Իսկ այդ ամենը գալիս է քո ու Տիրոջ հարաբերությունից ու քո ներքին սենյակից։
Մենք պետք է աղոթենք մարդկանց փրկության համար, մենք չենք կարող մեր շնորհքով նրանց փրկել, կամ մեր գիտությամբ հասնել նրանց սրտերին, որովհետև դա միայն Սուրբ Հոգին է կարող։ Ու եթե մենք չենք աղոթում մարդկանց համար մեր սրտերը աստիճանաբար անտարբեր են դառնում։