Ծոմի և աղոթքի օրագիրը. Օր երրորդ:
Ծոմի և աղոթքի երրորդ օրվա հավաքում երկրպագությանը հաջորդեց եկեղեցու ավագ ծառայողների զորավոր աղոթքը: Ներկաները, լցված Սուրբ Հոգով, միաբանվել էին աղոթքին ու բացել էին իրենց սրտերը Աստծո առաջ:
Աստծո սիրառատ ներկայության ներքո, հույզերի և զգացմունքների մթնոլորտում եկեղեցու հավատացյալները անմնացորդ տրվել էին աղոթքին: Շատերի սրտները փշրվեցին Աստծո առաջ, աչքերին հայտնվեցին արցունքներ և ծունկի իջան Աստծո զորության առջև:
Հովիվը թեև խոսք էր պատրաստել, սակայն աստվածային ներկայության մեջ Սուրբ Հոգու առաջնորդությամբ օրը հիմնականում նվիրվեց աղոթքին ու երկրպագությանը:
Աղոթքի մեջ հովիվը մեջբերեց Հայտնության գրքի 7:13, 14 խոսքերը՝
«…Սորանք, որ սպիտակ հանդերձներ են հագել…, Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնից, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնով»:
Սպիտակ հանդերձների խորհուրդը նույն այլակերպությունն է Աստծո փառքի մեջ:
Մենք ուզում ենք, որ մեր հադերձները լվացվեն ու սպիտակեցվեն Հիսուսի արյունով: Մենք ուզում ենք, որ մեր անունները գրված մնան Կյանքի գրքում: Մեր հավատը կրոն չէ, «հաջորդ կյանք» չէ, հոբբի չէ:
Մեր հավատը հավիտենության ուղին է:
Սեփական լրատվություն