Վաճառվում են... ծնողներ:
Սա կատարվել է Ճապոնիայում: Տոկիոյի լրագիրներից մեկը տեղադրել էր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Վաճառվում են ծնողներ. հայր՝ 70 տարեկան, մայր՝ 65 տարեկան: Գինը՝ 1000 իեն և ոչ մի իեն պակաս»:
Այս տարօրինակ հայտարարությունը կարդացողներն ապշում էին. «Էս ու՜ր ենք հասել: Ի՜նչ ժամանակներ են: Երեխաներն արդեն ծնողներին են վաճառում»: Ուրիշներն ավելացնում էին. «Ինչպե՞ս են մեր իշխանությունները սա թույլ տալիս»:
Հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Այն քննարկում էին ամենուր՝ մեծ սենսացիայի նման:
Լրագիրն ընկավ մի երիտասարդ ընտանիքի ձեռքը: Նրանք վերջերս ավտովթարում կորցրել էին սիրելի ծնողներին: Նրանք դեռ սգում էին ծնողների կորուստը և ծնողներին վաճառելու մասին հայտարարությունը սրբապղծություն համարեցին: Դժվար էր պատկերացնելն անգամ, թե ինչ էին զգում ծնողներն այդ վիճակում: Եվ որոշեցին փրկագնել ծերունիներին ու պարուրել նրանց իրենց ջերմ սիրով:
Վերցնելով անհրաժեշտ գումարը, նրանք մեկնեցին նշված հասցեով: Մեծ եղավ նրանց զարմանքը, երբ այդ հասցեում տեսան ամբողջությամբ ծաղիկների մեջ թաղված շքեղ առանձնատուն: Նրանք մտածեցին, որ հայտարարության մեջ հավանաբար վրիպակ է եղել, բայց, այնուհանդերձ, որոշեցին զանգել:
Դուռը բացեց հաճելի ժպիտով մի տարեց պարոն: Հյուրերը պատմեցին հայտարարության մասին, ասացին, որ կորցրել են ծնողներին և որոշել են գնել ծեր զույգին: Նաև ներողություն խնդրեցին, որ անհանգստացրեցին պարոնին՝ երևի հասցեն շփոթել են:
- Ոչ, ոչ: Չեք շփոթել, ներս համեցեք, - հրավիրեց հուզված ծերունին: - Հիմա կնոջս կկանչեմ:
Նա արագ վերադարձավ կնոջ հետ և բացատրեց հյուրերին.
- Գիտե՞ք, այս առանձնատունն իսկապես մերն է: Մենք ուրիշ արժեքավոր ունեցվածք էլ ունենք, բայց չունենք զավակներ: Շատ էինք ուզում այս ամբողջ հարստությունը թողնել լավ մարդկանց: Դա է պատճառը, որ նման հայտարարություն ենք տվել: Համոզված էինք, որ այդ հայտարարությանը միայն արժանավոր մարդը կարձագանքի: Անկեղծ ասած, կասկածում էինք, թե այդպիսի «ապրանքին» գնորդ կճարվի: Ձեր ցանկությունը ձեզ պատիվ է բերում, իսկ մեզ՝ ուրախություն: Հիմա մենք համոզված ենք, որ դուք հենց այն մարդիկ եք, ով արժանի է այս ամբողջ հարստությանը: