Վազի՛ր Աստծո մոտ
Ա Հովհաննեսի 1. 9
Ի~նչ հիասքանչ է, երբ գիտես, որ ազատ ես մեղքի և մահվան օրենքից: Ի~նչ
փառահեղ է, երբ գիտես, որ այլևս ստիպված չես մեղքի գերության տակ
լինել: Բայց ի՞նչ ես անում, երբ հակառակ այս հիասքանչ և փառահեղ
ճշմարտությունների, դու կրկին անհաջողություն ես կրում այս
բնագավառում: Ի՞նչ ես անում, երբ սայթաքում և ընկնում ես մեղքի մեջ:
Վազի՛ր Հորդ մոտ և ապաշխարի՛ր: Դա շատ հեշտ է թվում: Բայց խիստ
տարօրինակ է, որ մենք հենց հակառակն ենք անում: Աստծո մոտ վազելու
փոխարեն մենք թույլ ենք տալիս, որ վախը և մեղավորության զգացումը մեզ
ավելի ու ավելի հեռացնեն Նրանից: Եվ սկսում ենք այսպիսի բաներ մտածել.
«Դե, հիմա ձախողվեցի, ուրեմն պետք է ամեն բան մոռանամ ու ապրեմ
սատանայի նման»:
Այդպիսի սխալ մի՛ գործիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան փսփսա քո ականջին
և դրդի քեզ մեղք գործել կյանքի որևէ բնագավառում զուտ այն
պատճառով, որ դու մեկ այլ բնագավառում պարտություն ես ունեցել:
Երբ շեղվում ես Աստծո ճանապարհից, պարզապես խոստովանի՛ր դա և նորից
վերադարձի՛ր ճիշտ ճանապարհին:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, ես այնքան մեղավոր եմ զգում, երբ Աստծուն
պատմում եմ իմ արածի մասին, որ դժվարանում եմ խոստովանել»:
Գիտեմ, գիտեմ: Ես նույնպես նման բան զգացել եմ: Մի օր Աստված ասաց ինձ.
«Քենե՛թ, երբ խոստովանեցիր քո մեղքը, այդ ժամանակ չէր, որ իմացա դրա
մասին: Ես այս ողջ ընթացքում տեղյակ եմ եղել այդ մասին: Երբ
խոստովանեցիր, այդ ժամանակ դու ազատվեցիր դրանից և դրա
ազդեցություններից»:
Երբ սխալ ես գործում, երբ ինչ-որ բանում թերանում ես, հիշի՛ր, դու
դատապաշտպան ունես Հոր մոտ: Դա Հիսուս Քրիստոս Արդարն է (Ա Հովհաննեսի
2. 1): Վազի՛ր Նրա մոտ: Նա գիտի, թե ինչի միջով ես դու անցնում: Կարիք
չկա վախենալու: Նա քո գործած մեղքերի պատճառով քեզ ծվեն-ծվեն չարեց,
երբ դեռ Նրան քո կյանքի Տերը չէիր դարձրել, չէ՞: Այդ դեպքում քո
կարծիքով որքան առավել բարեգութ և սիրող կլինի Նա հիմա, երբ դու
Իրեն ես պատկանում, հիմա երբ փափագում ու սիրում ես Նրան:
Մի՛ փախիր Աստծուց: Վազի՛ր Նրա մոտ: Ընդունի՛ր Նրա ներումը: Ընդունի՛ր
Նրա սրբագործումը: Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ես գործել, Նա
պատրաստ է ներել ու մաքրել քեզ քո բոլոր անօրենություններից:
Քենեթ Քոփլանդ