Վե՛ր կաց և պատերազմի՛ր

Վե՛ր կաց և պատերազմի՛ր
Աստծո անուններից մեկն է Զորաց Տեր: Եվ մենք Նրա զորքն ենք, Նրա զինվորները:
Պողոս առաքյալը և՛ Տիմոթեոսին, և՛ ինքն իրեն պատերազմող զինվոր է կոչում:
«Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր»: (2 Տիմ. 2:3):
«Բարի պատերազմը պատերազմեցի»: (2 Տիմ. 4:7):
Զինվոր լինելու համար անհրաժեշտ է զինվել Աստծո սպառազինությամբ (Եփես. 6:10-20): Ու այդ սպառազինությունը պետք է մշտապես վերականգնել Զորաց Տիրոջ հետ հաղորդակցվելով՝ աղոթքով:
Աղոթքի ու պատերազմի հիանալի դաս է Նեեմիայի օրինակը: Իմանալով Երուսաղեմի խնդիրների մասին, Նեեմիան անմիջապես չանցավ խնդրի լուծմանը: Նախ քննեց իր սիրտը, հստակ գիտակցեց խնդիրը, ծոմ պահեց ու աղոթք արեց: Այնուհետև ապաշխարեց, ներողություն խնդրեց Տիրոջից Իսրայելի որդիների մեղքերի համար, հիշեցրեց Աստծոն Իր խոստումները: Դրանից հետ միայն անցավ խնդրի լուծմանը՝ Երուսաղեմի պարսպի վերականգնմանը: եղավ մի պահ, երբ ժողովուրդը թուլացավ, իսկ թշնամին փորձում էր խանգարել, ձախողել շնարարությունը: Այդ ժամանակ կրկին աղոթք արեցին և զինվեցին. 
«Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը, եւ պատերազմեցէք» (Նեեմ.4:14),- կոչ արեց Նեեմիան «իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին»: Ու աղոթքը զորացրեց ժողովրդին, ու նրանք «մէկ ձեռքովը գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն էր բռնած»: (Նեեմ.4:17)։ Սա է Նեեմիայի գրքի առանցքային մտքերից մեկը:
Ուրեմն դու էլ, սպառազինվի՛ր Աստծո սպառազինությամբ, աղոթքով հաղորդակցվիր Զորաց Տիրոջ հետ: 
Մի երկնչի՛ր:
Վե՛ր կաց ու պատերազմի՛ր:
Օգոստոսի 24-ին «Նոր սերունդ» եկեղեցու քարոզիչ Նարինե Մխիթարյանն այսպիսի ոգեշնչող խոսքով դիմեց եկեղեցուն:
Հաջորդ կիրակի՝ օգոստոսի 31-ին կիրակնօրյա ծառայությունը ավետարանչական բնույթ կունենա: Կլինի փոքրիկ համերգ, փրկության Ավետարանի քարոզ և նորադարձների ապաշխարության աղոթք: 
Հրավիրե՛ք ձեր մտերիմներին, ովքեր դեռ չեն ընդունել Քրիստոսին որպես Տեր ու որպես Փրկիչ:
Սեփական լրատություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ