Վերադարձ դեպի Կյանքի ծառը
Աստված մեծ արտոնություններ է տվել Իրեն հավատացողներին, մեծ հնարավորություններ է տվել Իրեն ճանաչողներին:
Երբ մեղքը դեռ չէր մտել մարդու կյանքը, Աստված սահմանափակումներ չէր դրել մարդու առաջ: Միայն մի սահմանափակում կար՝ չուտել բարու և չարի գիտության ծառի պտուղից:
Ամեն բան ստեղծվել էր մարդու համար, նրա երջանկության համար: Նույնիսկ անծայր տիեզերքի բոլոր լուսատուները, բոլոր երկնային մարմիններն ու համակարգերը ծառայում են, որ երկրի վրա լինեն լիարժեք պայմաններ մարդու գոյության համար: Բայց մարդկության ապագան կախված էր բարու և չարի գիտության ու կենաց ծառերի նկատմամբ Ադամի վերաբերմունքից:
«Բարու և չարի գիտության ծառից մի՛ ուտիր, որովհետև նրանից կերած օրը մահով պիտի մեռնես»: Ծն.2:17:
Այս խոսքերը պարունակում են մարդու ճակատագիրը՝ կյա՞նք, թե՞ մահ, ուրախությո՞ւն, թե՞ սուգ, Աստծո հե՞տ, թե՞ առանց Աստծո:
Բարու և չարի գիտության ծառի պտուղը «հաճելի էր աչքերին և ցանկալի էր»: Մեղքը նույնպես առաջին հայացքից հաճելի է, և չի երևում, որ վատն է: Բայց այն վատ հետևանքներ է ունենում: Մեղքը դառնում է դժբախտության պատճառ:
Ադամը չհնազանդվեց Աստծուն, նա ուզեց Աստծո պես լինել: Նա մեղք գործեց, որն էլ դարձավ իր դժբախտության պատճառը: Իր մեղքի պատճառով Ադամը զրկվեց հավիտյան ապրելու իրավունքից:
Բայց բարու և չարի գիտության ծառի մոտ կար մեկ այլ ծառ՝ Կյանքի ծառը: Գրված չէ, թե արդյո՞ք Ադամը երբևէ կերել էր այդ ծառի պտուղից: Ադամի մեղանչելուց հետո Աստված փակեց դրախտը, իսկ Կյանքի ծառը պաշտպանեց դեպի բոլոր կողմերը պտտվող բոցեղեն սրով: Երկար ժամանակ կենաց ծառը անհասանելի էր մարդուն:
Բայց կենաց ծառը Հիսուսի խորհուրդն է: Հիսուսն ասաց՝ «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և ԿՅԱՆՔԸ»: (Հովհ.14:6):
Կարծիք կա, որ Կյանքի ծառը ձիթենին է: Նրա պտուղները դառն են: Ճշմարտությունը նույնպես կարող է դառը լինել, բայց այն տանում է դեպի կյանք: Ձիթենու պտուղներից յուղ են քամում, որով օծում են մարդուն: Երկու հազար տարի առաջ Հիսուսը հայտնվեց մարդկությանը: Հենց Ինքը՝ Օծյալը, որից կյանք է բխում, եկավ երկիր: Եկավ ու հայտարարեց.
«Ես եմ կյանքի հացը…: Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի»: Հովհ.6:48,52:
Մեր մեղքերը ներվել են, որպեսզի իրավունք ստանանք Կյանքի ծառից ուտելու: Բոլոր օրհնություններն ու հաջողությունները ընդամենը հետևանք են: Կյանքի ծառի իմաստը հավիտենական կյանքն է: Աստծո նպատակը շատ ավելի մեծ է, քան ժամանակավոր հաջողությունները:
Մի՛ ամաչիր Կյանքի ծառի մասին խոսելուց: Ընտրի՛ր Կյանքի ծառը, պատմի՛ր Կյանքի ծառի մասին: Քրիստոնեությունը մի՛ վերածիր շահամոլության: Քրիստոնեության միակ շահը այն է, որ այս աշխարհ եկանք առանց որևէ բանի, բայց գնալու ենք ունենալով ամեն բան: Ունենալու ենք ԿՅԱՆՔԸ:
Տ.Թադևոսյանի 24.02.2019թ. կիրակնօրյա պատգամից