Վերջին օրերը

Վերջին օրերը
Հունիսի 14-ին «Նոր սերունդ» եկեղեցին օրհնեց Աստղիկի և Թաթոսի պսակադրությունը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը որպես փեսայի օրհնանք կարդաց Եփեսացիների 5:28-29 խոսքերը և հիշեցրեց, որ այսօր նորապսակները մեծագույն պատասխանատվություն են վերցնում Աստծո առաջ, եկեղեցու առաջ, ծնողների առաջ և միմյանց առաջ:
Astxik-and-Tatos.jpg
Այնուհետև եկեղեցին հովվի առաջնորդությամբ օրհնեց զույգին, մաղթեց սեր, աստվածահաճո կյանք ու նվիրվածություն Աստծո Խոսքին:
Իսկ պատգամախոսն այսօր հովիվ Սուսաննան էր:
Նա նկատեց, որ մեկը սիրում է քաղցր կերակուր, մյուսը՝ կծու, երրորդը՝ աղի: Ու փառք տվեց Տիրոջը, որ Իր Խոսքը պարունակում է բոլոր տեսակի կերակուրները՝ և՛ օրհնություն, և՛ խրատ, և՛ հորդոր, և՛ հանդիմանություն:
Աստծո խոսքն է, որ պետք է բնակվի մեր մեջ: Երբ Աստված Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսից, Եգիպտոսը դեռևս դուրս չեկավ Իսրայելի ժողովրդի միջից: Դրա համար Քրիստոսն ասաց,եթե չմնանք որթի վրա, այսինքն՝ եթե չմնանք Խոսքի մեջ, ապա կկտրվենք ու կրակը կնետվենք:
Աստված Մեզ փրկելիս պայմաններ չի դնում: Դա փրկության սկիզբն է: Բայց փրկության ավարտը պայման ունի՝ պետք է մնալ Նրա Խոսքի մեջ: Պետք է ազատվել եգիպտական էությունից, որպեսզի չկորցնես քո փրկությունը:
2 Տիմոթեոս 3:1-5-ում թվարկվում են այն բոլոր հատկանիշները, որոնցով օժտված են լինելու մարդիկ վերջին օրերում: Դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք արդեն ապրում ենք վերջին օրերում: 
Այդ հատկանիշներից են ամբարտավանությունը, անժուժկալությունը, արծաթասիրությունը, գոռոզությունը...
Երբ մարդն իրեն ավելի բարձր է դասում դիմացինից, ապա նրա խոսքը ոչ թե բժշկում է, այլ կործանում: Արդարները լույսի արքայություն են կառուցում: Նրանք խոսում են նույն լեզվով՝ սիրո և հավատքի լեզվով: Ամբարիշտները կառուցում են խավարի արքայությունը: Նրանց պատճառով է բաբելոնյան խառնաշփոթ առաջանում:
Անչափ վտանգավոր է մարդու սրտի սխալ դիրքը: Առաքյալը վերջին ժամանակների հատկանիշները թվարկելուց հետո ընդգծում է, որ մարդիկ «աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացած են»: Հետևաբար բոլոր այս խոսքերը վերաբերվում են ոչ միայն հեթանոսներին, այլև մեզ՝ քրիստոնյաներին: 
Բայց հիշենք, որ Աստծո Խոսքը ազատում է մեզ ամեն մեղքից: Քրիստոսի խաչն է մեզ տանում դեպի փրկություն:
Ուրեմն ինչքան էլ դժվար վիճակում լինես, ոչ մեկին մի մեղադրիր, որովհետև Աստված քեզ տանում է դեպի փրկության խաչը, որի վրա ոչ միայն մահ կա, այլև՝ Հարություն:

Սեփական լրատվություն
Տեսանյութը՝ շուտով:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ