Վստահության ուժը
Վստահությունը հավատի կարևոր բաղադրիչներից է. Առանց վստահության հավատ չի կարող լինել:
«Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է»: (Եբր.11:1):
Հետևաբար հավատացաող մարդը վստահ է, որ իր սպասելիքները կկատարվեն: Մենք հաճախ հավատում ենք, որ մեր խնդիրները լուծվելու են, բայց վստահ չենք: Սակայն պետք է հիշել՝ վստահ մարդու համար ամեն գործ հաջողվում է:
Սատանայի նպատակն է խլել քո վստահությունը: Սատանան ուզում է անվստահություն ստեղծել Աստծո Խոսքի նկատմամբ: Բայց Աստծո Խոսքը քո համար է, և դու պետք է վստահ լինես, որ այն ճշմարտություն է: Սատանան ուզում է նաև վատաբանել քեզ, իջեցնել քո արժեքը քո իսկ աչքին: Բայց թույլ տուր, որ քեզ գնահատի Նա, ով Իր արյունն է թափել քեզ համար և վստահ եղիր, որ Նրա համար դու շատ մեծ արժեք ունես:
Աստծո Խոսքն ասում է, որ վստահությունը կորցնողների ճանապարհը շեղվում է և լույսը հանգում.
«Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։ Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է»: (Հոբ.8:11-14):
Սակայն ի հակադրություն դրան, Աստծո պատվերները պահողի համար ասված է.
«Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են»: (Առակ. 3:17):
Դավիթը վստահություն ուներ, դա էր պատճառը, որ հաղթեց Գողիաթին: Մեզ պետք է կատարյալ վստահություն: Վստահություն ձեռք բերելու համար պետք է գործել.
«Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը»: (Եբր.6:10):
Ծուլությունը վստահություն չի բերում: Աստված քո կողքին է, վստահ եղիր: Եթե կատարյալ լինի քո վստահությունը, խնդիրներդ կլուծվեն: Վստահ լինենք, և ոչ ոք չի կարողանա մեզ շեղել, գայթակղեցնել կամ խաբել:
Այսպիսին էր ապրիլի 17-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա պատգամի ոգին ու էությունը:
Սեփական լրատվություն