Ընկերություն Խոսքի հետ
- Մեր կյանքը կախված է Աստծո խոսքի նկատմամբ մեր վերաբերմունքից, - այս միտքն էր ընկած «Նոր սերունդ» եկեղեցու մարտի 17–ի կիրակնօրյա պատգամի հիմքում:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը, հիմնվելով աստվածաշնչյան մի շարք մեջբերումների վրա, ցույց տվեց, որ կա երկու զորություն, որոնք կարող են օրհնություններ բերել մեր կյանքում: Դրանք են Աստծո Խոսքը և Սուրբ Հոգին: Այս երկու զորություները լրացնում են մեկը մյուսին: Աստծո խոսքը սերմն է, որ ցանվում է ամեն սրտում, ով լսում է այն: Սուրբ Հոգին նման է ջրին, որ ջրում է սերմը աճելու և պտուղ տալու համար: Առանց սերմի ջրելն անիմաստ է, իսկ առանց ջրի սերմը չի աճի:
Հովիվը հորդորեց ներկաներին, որ աղոթելիս որպես հիմք վերցնեն Աստծո խոսքի մի հատված և դրա վրա կառուցեն ամբողջ աղոթքը: Որպես ապացույց հովիվը մեջբերեց Սաղմոս 119:49-ը.
«Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։ Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ»։
«Եթե դպրոցում դասավանդեն Աստվածաշունչը, քրիստոնեական արժեքները, եթե մարդկանց սրտերում դեռ մանուկ հասակից սերմանվի Աստծո Խոսքը, ապա միայն այդ դեպքում երկիրը հեռանկար կունենա», - իր տեսակետը հայտնեց հովիվ Տիգրան Թադևոսյանը:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն