Ընթրիք Աստծո հետ
Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ: Նշանակում է՝ ինչ մենք ենք զգում, նույնն էլ զգում է Աստված: Աստված կարող է ուրախանալ և տրտմել, նախատել, բայց նաև ներել, բարկանալ, բայց նաև ողորմություն անել: Աստծո բարկությունը մեկ վայրկյան է, իսկ ողորմությունը՝ հավիտյան:
Աստված նաև կարոտում է: Կարոտը պարունակում է սեր և տրտմության: Աստված սիրում և կարոտում է մարդկանց: Նա մարդկանց հետ շփվելու կարիքն ունի: Օրվա զով ժամին Աստված գալիս էր եդեմական այգի՝ զբոսնելու և Ադամի հետ շփվելու (Ծն.3.8): Մինչև մեղք գործելը նրանք ուրախ էին՝ Աստված, Ադամը և Եվան:
Բայց Հանկարծ Եդեմում տեղի ունեցավ մի բան, որը տեղի է ունենում նաև այսօր: Որտեղ կա սեր, որտեղ կա կարոտ, այնտեղ սատանան փորձում է բաժանություն մտցնել: Երբ օձը սկսեց խոսել Եվայի հետ, սառեցին Եվայի սերը, կարոտը, հարգանքը Աստծո նկատմամբ: Չարի հետ հաղորդակցվելիս մարդու սիրտը սառում է, առաջանում է կասկած, երկմտություն:
Մի՛ լսեք չարախոսությունները ձեր մտերիմների մասին, դա կսառեցնի ձեր հարաբերությունները: Գնահատեք այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են, ձեր կողքին են: Մշտապես ջերմացրեք ձեր սերը, բորբոքեք սիրո կրակը:
Մեղքը մարդուն հեռացրեց Աստծուց: Աստված սկսեց կարոտել մարդուն: Թեև Նա ոչ մի տեղ չի ասել, որ կարոտում է, բայց Իր կարոտը մշտապես ցույց է տալիս Իր խոսքում և գործում:
Աստված գտնում է մարդկանց, ովքեր Իրեն են փնտրում: Աստված գտավ մեկին, ում հետ կարող էր շփվել, զրուցել, փարատել Իր կարոտը: Աստված գտավ Դավթին: Դավիթը նույնպես փնտրում էր Աստծուն, փառաբանում էր Նրան: Մինչև կյանքի վերջին օրը Դավիթը ապրում էր Աստծո ներկայության մեջ:
«Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն»,- ասում էր Դավիթը (Սաղմ.42:): Դավթի սիրտը պատկանում էր Աստծուն, և Աստված օրհնում էր Դավթին: Աստված նրան թագավոր օծեց:
Դավիթն արժանացավ Աստծո օրհնությանը: Օրհնություն կա, որին արժան է մարդը: Կա նաև օրհնություն, որին մարդը չի արժանացել: Եթե ուզում ես արժանանալ Աստծո օրհնությանը, պիտի քո սիրտը Դավթի նման ամբողջապես տաս Աստծուն:
Աստված կարող է տրտմել և հեռանալ քեզնից (Երգ 5:6): Երբ Աստված թակում է քո դուռը, տարբեր պատճառաբանություններով մի՛ ուշացրու այն բացելը:
«Ահա, Ես կանգնել եմ դռան մոտ ու թակում եմ. եթե մէկն իմ ձայնը լսի և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ՝ Ինձ հետ»: Հայտ.3:20:
Քո վերաբերմունքն Աստծո նկատմամբ պետք է լինի այնպիսին, ինչպիսին Աստծո վերաբերմունքն է քո նկատմամբ: Կարոտի՛ր Տիրոջը, փնտրի՛ր Նրան ամեն ժամանակ, և կտեսնես, թե ինպես է փոխվում քո կյանքը, «հազար հոգի կընկնեն քո կողքից, տասը հազար հոգի՝ քո աջ կողքից, բայց քեզ չի մոտենա»: (Սաղմ.91:7):
Փնտրի՛ր Տիրոջը, ու Նա կընթրի քեզ հետ, դու էլ՝ Նրա հետ:
Տ. Թադևոսյանի 17.03.2019թ. պատգամից: