Ընտրիր բարի բաժինը

Ընտրիր բարի բաժինը

Մարտի 13-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոս Մարինե Կարապետյանն իր քարոզում անդրադարձավ Հիսուսի ծառայությունն ընդունելու կարևորությանը:

Նայելով մեզ, մեր գործելաձևը՝ արտաքինից շատերս այնքան նման ենք թվում, միասին լսում ենք Տիրոջ խոսքը, միասին աղոթում ենք, երկրպագում, բայց մեր ներքին վերաբերմունքով բոլորս խիստ տարբերվում ենք: Մեր շարժառիթները տարբեր են: Ոմանք գալիս են Տիրոջ մոտ սպասելիքով, ոմանք ծարավով, ոմանք էլ պարզապես պարտականության զգացումով: Աստված քննում է մեր սրտերը և գնահատում մեր ներքին վերաբերմունքը:
Ղուկաս 10:38-41-ում պատմվում է Մարթայի և Մարիամի մասին: Այստեղ մենք տեսնում ենք 2 քույրերին և նրանց վարքագիծը: Հիսուսին ընդունելու ամբողջ զբաղվածությունն ու, ծանրությունը Մարթայի վրա էր, ու հնարավոր է թվա, որ Հիսուսը անարդար գնահատական է տալիս Մարթային: Եթե Մարթան հրավիրել ու ընդունել էր Հիսուսին, ուրեմն նա սիրում էր Հիսուսին, նա հենց Հիսուսի համար էր ծանրաբեռնված:
Սակայն Մարթայի վերաբերմունքի մեջ կար կուտակված վրդովմունք և բարկություն, որը նա չկարողացավ պահել իր ներսում: Նա մտահոգված էր. մ՞իթե Հիսուսը չէր նկատում, որ ամբողջ ծառայության հոգսն իր վրա էր, ինչո՞ւ էր Նա անտարբեր:
Հիսուսը ոչ միայն նկատում էր Նա նաև գնահատում էր, ու նա ասաց, որ Մարիամը, ով անհոգ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, բարի բաժինն էր ընտրել:
Այդ ի՞նչ բաժին էր, որ Հիսուսը բարի համարեց:
Մարիամը չէր ծառայում, նա ընդունում էր Հիսուսի ծառայությունը: Մարթան փորձում էր շեշտվածություն բերել իր ծառայության կարևորության վրա: Մարթան սիրում էր Հիսուսին, բայց նա չէր ընդունում ու չէր ուզում ընդունել Նրա ծառայությունը իր կյանքի մեջ: Մարթան ծառայությունը կենտրոնացնում էր իր վրա, ամեն բան պտտվում էր իր շուրջը; Իսկ Մարիամն ընդամենը վերցնում էր: Թվում էր՝ նա ոչինչ չուներ Տիրոջը տալու, նա պարզապես ուզում էր ճանաչել Ճշմարտությունը: Ընդունելով Հիսուսի ծառայությունը՝ նա հանդիմանվում էր, ապաշխարում, բժշկվում, նորոգվում ու սրբվում էր: Նա լսում էր Տիրոջը ու նրա մեջ զարգանում էր նոր մտածելաձև, նա այլևս երեբեք առաջվա նման չէր լինի, որովհետև ընդունելով Հիսուսի ծառայությունը՝ ընդունում էր Հիսուսին և այն որակներն ու բնույթը, որ կար Հիսուսի մեջ:
 Ընդունելով Հիսուսի ծառայությունը նա վաղը կարողանալու էր ծառայել այն մարդկանց, ովքեր վշտացած էին, բարձրացնել նրանց, ովքեր ընկած էին, ովքեր բժշկության կարիք ունեին:
 Աստված երբեք պակաս չի գնահատում մեր ծառայությունները: Նա օրհնում է այն ծառայությունները, որի մեջ իրապես Հիսուսն է երևում: Մարիամն այն ծառայողն էր, որ ամեն մեկին կմոտեցնի Հիսուսին, նա հաստատ սոված չի թողնի, այլ կմոտեցնի ճշմարիտ, կենդանի կերակուրին, հաստատ պատասխան կտա բոլոր հարցերին:
Եթե դու ունես ծառայողի սիրտ, եթե դու ունես ճիշտ վերաբերմունք, դու ամեն բան քո կյանքում փոխում ու վերածում ես ծառայության, որովհետև քո ամեն խոսքը, դիրքը, գործն ու շարժը դառնում է կենդանի ծառայություն Տիրոջ համար: Հաճախ մենք ուզում ենք Աստծո համար անել մեծամեծ բաներ, բայց ինչքանով դա պտղատու կլինի, եթե մենք մեզանից ոչինչ չունենք տալու, եթե այն ամենի մեջ, ինչ անում ենք չի երևում Հիսուսի կերպարի կենդանությունը, որովհետև մենք ընդամենը պետք է ունենանք Հիսուսին մեր կյանքում:
Եթե մեր մեջ կա վրդովմունք և վիրավորվածություն,  ծառայության մեջ մենք դնում ենք այդ ցավը, բարկացկոտությունը, այդ պատճառով, ընդունելով Հիսուսի ծառայությունը, պետք է նախ սրբվենք դրանցից:
Հովհ. 13:8-ում երբ Պետրոսը հրաժարվեց, որ Հիսուսը իր ոտքերը լվանար, Հիսուսը նրան ասաց.. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ բաժին չունիս»։ Ջուրը Սուրբ հոգու խորհրդանիշն է, և եթե մենք չընդունենք Տիրոջ ծառայությունը, չլցվենք Սուրբ հոգով,  չկարողանանք վերցնել նրա սիրո խորությունն ու մեծությունը, թույլ չտանք որ Սուրբ հոգին մեզ մաքրի, Նրա հետ բաժին չենք կարողանա ունենալ:
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ