Զատիկը Երուսաղեմում. Տոնակատարությունը խաղաղ է անցել
Արևմտյան քրիստոնյաները տոնում են Զատիկը, հիշելով Օծյալի՝ Հիսուս Քրիստոսի հարությունը: Կիրակի օրը Երուսաղեմում տեղի ունեցան տոնակատարություններ:
Երուսաղեմն արթնացավ հարությանը նվիրված օրհներգից: Այն երգում էին հավատացյալները, որ արևածագին հավաքվել էին ծառայության Այգու գերեզմանի մոտ, մի վայր, որ 19-րդ դարում հայտնի դարձավ որպես Հիսուս Քրիստոսի թաղման վայր: Քարոզչի ամբիոնի վրա փակցված էր մակագրություն. «Հիսուս կենդանի՜ է»:
Այդտեղից ոչ հեռու, Երուսաղեմի Հին քաղաքի պատից այն կողմ՝ Տիրոջ գերեզմանի տաճարում Զատկի պատարագ էր մատուցվում: Տոնական հանդերձներ հագած քահանաներն ու վանականները ծառայություն էին անցկացնում հինավուրց շիրմաքարի մոտ, որտեղ, ըստ ավանդույթի, Քրիստոս հարություն է առել մեռելներից: Անուշաբույր խնկահոտը լցրել էր ոսկով զարդարված շինությունը, որ խորհրդանշում է հարության փառքը:
Երուսաղեմում էին հավաքված ուխտագնացներ ամբողջ աշխարհից: Նրանց մեջ էր Կիյարամո Տիմիևին Նիգերիայից.
«Երուսաղեմը հրաշալի վայր է, - ասում է նա: - Որքա՜ն էի կարդացել նրա մասին Աստվածաշնչում և հիմա այնպե՜ս երջանիկ եմ: Մեծ երջանկություն է սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին կարդացել եմ»:
Քեննեթ Միլգրամը ժամանել է ամերիկյան Ալաբամա նահանգից.
«Ուղղակի ցնցող է: Պատկերները, որոնց մասին դեռ մանկուց կարդացել եմ Սուրբ Գրքում, կենդանացան, երբ եկա այստեղ: Ինձ համակեց ջերմության զգացում, երբ գիտակցեցի, որ հենց այստեղ եղել է Քրիստոսը»-ասում է նա:
Երուսաղեմի Հին քաղաքում համատեղվում էր ամեն բան. Քրիստոնյաները նշում էին Զատիկը, հարևանությամբ հրեա ուխտավորները շարունակում էին տոնել աստվածաշնչյան մեկշաբաթյա Փեսախը, նույն ժամանակ մուսուլմանները գրքի աշխույժ առևտուր էին անում: Սա խաղաղ Զատիկ էր Սուրբ հողում: