Զատիկը մերն է, ոչ թե Քրիստոսինը
Հարության տոնը ուրախության մթնոլորտում նշեց Նոր սերունդ եկեղեցին: Եկեղեցու շնորհալի երիտասարդները Տիրոջ փառաբանության ու երկրպագության հին ու նոր երգերով մի փոքրիկ համերգ էին պատրաստել այդ օրվա համար:
Համերգից հետո Քրիստոսի հարությանը նվիրված խոսքով եկեղեցուն դիմեց հովիվ Տիգրան Թադևոսյանը.
«Քրիստոսը մորթվեց, բայց հաղթեց: Նա մորթվեց հանուն մեզ ու հաղթեց մեզ համար: Քրիստոսը հաղթեց մահվան թագավորությանը: Որպեսզի մենք մահ չտեսնենք ու հարություն առնենք Իր հետ:
Ինչպես Աստված Եգիպտոսից դուրս հանեց Իր ժողովրդին, այնպես էլ Հիսուսը մեզ դուրս հանեց մահվան թագավորությունից:
Մարդկությունը առանց մահից հետո կյանք ունենալու հույսի, առանց իմանալու, որ մահից հետո կա հարություն, նստած էր խավարի մեջ, և հանկարծ մի լույս ծագեց, եկավ հույսը, եկավ փրկությունը՝ Քրիստոսը հարություն առավ ու մենք էլ «մահից դեպի կյանք փոխադրվեցինք» (1Հովհ.3:14):
Ամեն մի հավատացյալի համար կգա մի օր, երբ կփակի աչքերը, բայց ցնծությամբ կհիշի խոսքը՝ «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը»: 1Կոր.15:55:
Այդ կիրակի օրը կանայք գնացին գերեզման Տիրոջ մարմինը խունկով օծելու: Նրանց հետ էր Մարիամը, որից Տերը յոթ դև էր հանել: Նա գնում էր իր սիրտը բացելու, վերջին անգամ Տիրոջը տեսնելու: Ճանապարհին մտածում էր, թե ինչպե՞ս պիտի գլորի քարը գերեզմանի վրայից, ինչպե՞ս պիտի համոզի հռոմեացի զինվորներին, որ թույլ տան տեսնել Տիրոջը: Բայց գերեզմանում նրա առաջ բացվեց բոլորովին այլ պատկեր՝ քարը գլորված էր և Տիրոջ մարմինը գերեզմանում չէր:
Մարիամը դուրս եկավ, տեսավ մի մարդու ու կարծեց, թե պարտիզպանն է: Բայց երբ այդ մարդը արտասանեց իր անունը, Մարիամը Նրա ձայնի մեջ զգաց Աստծո անսահման սերը ու հասկացավ, որ Տերը հարություն է առել: Մարիամն ուրախացավ, Մարիամը ցնծաց, վազեց ու բոլորին պատմեց Տիրոջ հարությունը:
Այսօր ուրախության օրն է: Ո՞վ ասաց, որ որտեղ Հիսուսն է, այնտեղ պիտի տխրություն լինի: Ո՛չ: Որտեղ Հիսուսն է, այնտեղ ուրախություն պիտի լինի»:
Խոսքից հետո տեղի ունեցավ երկրորդ ուրախ միջոցառումը՝ եկեղեցին հովվի առաջնորդությամբ օրհնեց եկեղեցու երկու հավատացյալ երիտասարդների պսակադրությունը:
Սեփական լրատվություն