Ժամանակ Ցանելու Համար
Հրաշք նշանակում է մի բան, որը հակառակ է մարդկային, ֆիզիկական բոլոր օրենքներին: Ֆինանսական օրհնությունն այն է, երբ Աստված գերբնական ձևով բացում է ֆինանսական ճանապարհնեը: Եթե մի տեղ կա Աստծո միջամտությունը, ուրեմն անպայման հրաշք կլինի:
Աստված ասում է, որ եթե քո բնական ռեսուրսները, կարողությունները վերջանան, այդ ժամանակ Նա կգործի և դու կիմանաս, որ Նա է Տերը: Աստվածաշնչում ֆինանսական օրհնությունների բազում օրինակներ կան:
Կարևորագույն նկատառումներից մեկը ճիշտ ժամանակը զգալն ու ճանաչելն է: Աստծո Խոսքում գրված է, որ ամեն ինչի համար իր ժամանակը կա: Եթե ամեն բան անես, բայց ոչ իր ճիշտ ժամանակին, ապա օգուտը երաշխավորված չէ, բայց եթե Աստծո ճիշտ ժամանակներում ես կատարում, օրհնությունն անպայման կգա: Ժամանակները ճանաչող մարդիկ իմաստուն մարդիկ են:
Կա ժամանակ ցանելու, կա ժամանակ հնձելու: Կան բույսեր, որոնց ցանելու ժամանակն այն է, երբ պտուղը վերջանում է: Հաճախ,, երբ ուրախության ժամանակ է, հեշտ է ստացվում Աստծո թագավորության մեջ սերմ ցանելը, բայց երբ մարդու կյանքում դժվարություն է գալիս, կարծես բնականոն ձևով դժվարանում է նաև ցանելը: Սակայն Աստծո թագավորության մեջ ցանելու ճիշտ ժամանակը հենց դժվարության ու պակասության մեջ ցանելն է:
Հավատքով շարժվողների համար ցանելու ժամանակն այն է, երբ ֆինանսները վերջանում են: Աստված ցանկանում է Իր զորությունն ու փառքը ցույց տալ դժվար ժամանակներում:
Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։ (2 Կորնթ 5:6)
Ծննդոցի 26-րդ գլխում պատմվում է սովի ժամանակաշրջանի մասին: Աստված Իսահակին ասաց, որ նա չգնա Եգիպտոսի երկիրը, և Ինքը կօրհնի նրան՝ հենց իր խոստացած երկրում:
Իսահակն այն երկրի մէջ ցանեց եւ այն տարին հարիւրի չափ արդիւնք գտաւ. Եւ Եհովան օրհնեց նորան։ Եւ մարդը բարձրացաւ, եւ քանի գնաց մեծացաւ, մինչեւ որ շատ մեծացաւ։ ( Ծննդոց 26: 12)
Չնայած այն հանգամանքին, որ ողջ երկրում սով էր, Իսահակը իր սերմը չկերավ: Իսահակի իմաստությունը կայանում էր հենց ճիշտ ժամանակին՝ ամենադժվար իրավիճակում սերմելու մեջ:
Հռութի գրքում ծանոթ ենք մի ընտանիքի պատմությանը, որը ստիպված էր եղել լքել իր երկիրը՝ Բեթլեհեմը, որտեղ սով էր և գնալ Մովաբի երկիրը: Միշտ էլ լինում են և՛ ուրախության օրեր, և՛ դժվարության օրեր: Բեթլեհեմ թարգմանաբար նշանակում է Հացի տուն: Հաճախ հացի տներում էլ է լինում սով և դժվարության ժամանակներ, բայց, երբ դժվար օրերը Աստծո միջոցով ես կարողանում հաղթահարել, քեզ նորից սպասվում են ուրախության օրերը:
Նոյեմին իր հարսի՝ Հռութի հետ իմացավ, որ Աստված նորից այցլել է Բեթլեհեմ, ու վերադարձավ իր երկիր, որտեղ էլ օրհնվեցին: Մի շտապիր հեռանալ այն վայրից, որտեղ հիմա ես, եթե կարող ես օգտակար լինել, որովհետև եթե ջանք գործադրես ու սերմես այդտեղ, Աստված էլ քեզ կօրհնի ու կբարձրացնի:
Աստված սերմ ցանողին է սերմ տալիս: Մենք պետք է ճանաչենք ժամանակները, զանազանենք ցանելու և հնձելու ժամանակները: Ժամանակը չիմանալը մեղք չէ, բայց ժամանակից օգտվելը իմաստություն է: Իմաստուն մարդը իր սերմը չի ուտում, այլ երբ պտուղը վերջացած է լինում, ցանում է. Աստված էլ առատորեն է օրհնում նման սերմը: