Ժամանակից շուտ մի՛ դատեք
…Տեսնո՞ւմ եք այն երիտասարդին, ով տնային հանձնարարություններն է կատարում սենյակում. նախորդ օրը նա չէր կարող անել դա, քանի որ ողջ գիշեր խոսում էր իր լավագույն ընկերոջ հետ, որպեսզի վերջինս ինքնասպանություն չգործի…
Տեսնո՞ւմ եք այն աղջկան՝ դեմքին շատ շպար: Նա մշտապես նայում է մյուս աղջիկներին՝ համեմատելով նրանց իր հետ, և կարծում, որ առանց շպարի բոլորը կծիծաղեն իր վրա: Պարզապես հարկավոր է, որպեսզի նա իրեն գեղեցիկ զգա, քանի որ դեմքն ամբողջովին այրված է…
Նայե՛ք մյուս տղային, նա միշտ երկարաթև բաճկոն է կրում: Այդպիսով նա պարզապես թաքցնում է իր սպիները, որոնք հոր ձեռքի գործն են…
Ահա և մի ուրիշ աղջիկ. նա միշտ հասարակ, կարկատված հագուստ է կրում: Նրա ընտանիքի համար չափազանց դժվար է արդեն օրեր շարունակ սննդի գումար հայթայթել, ուր մնաց՝ ֆիրմային հագուստի…
Տեսնո՞ւմ եք մյուս աղջկան, նա մշտապես ծիծաղում է բոլոր կատակների վրա. ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածում, որ ամեն գիշեր նա լաց է լինում: Իսկ հետաքրքիր չէ՞, թե ինչու նա երբեք ոչ մի ընկերուհու չի հյուրընկալում իր տուն. որովհետև նա վախենում է, որ նրանք կտեսնեն իր հարբեցող հորը՝ տան շեմին պառկած, ինչպես միշտ…
Նայե՛ք այն երիտասարդին՝ բոլորը նրան դիմում են՝ խորհուրդ հարցնելու: Իսկ գիտե՞ք՝ ամեն օր ինչի՞ մասին է նա մտածում. նա ցանկանում է, որպեսզի գտնվի գեթ մեկը, ով ի՛ր համար կանի նույնը…
Տեսնո՞ւմ եք այն օրիորդին. նրա բջջայինը մշտապես իր ականջին է՝ 4 տարի շարունակ: Կարծում եք, գուցե, նա չի կարող ապրել առանց կողմնակի մարդկանց ուշադրությա՞ն… Իրականում՝ չկորցնելով հույսը, նա ամեն վայրկյան սպասում է իր քրոջ զանգին, ով արդեն 4 տարի է անհայտ կորած է…
Ուստի, սիրելինե՛րս, հարկ է, որպեսզի բոլորս փոքր-ինչ հաշվետու լինենք ինքներս մեզ և չփորձենք շուտափույթ եզրահանգումներ անել մեզ շրջապատող մարդկանց մասին՝ դատելով մեր առաջին տպավորություններից կամ, առավել ևս, կողմնակի մեկնաբանություններից: