Զորաց Տերը մեզ հետ է

Զորաց Տերը մեզ հետ է

«Հայաստանից դուրս գտնվող մեր ծանոթները հաճախ հարցնում են, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Մենք պատասխանում ենք՝ Աստված պաշտպանում է Հայաստանը», - վերջին օրերին սահմաններում ստեղծված իրավիճակն այսպես բնութագրեց «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը կիրակնօրյա ծառայության սկզբում:

Սատանան փորձում է ուսուցում տարածել, թե իբրև պատերազմի ժամանակ պետք է հեռու մնալ զենքից ու կռվելուց: Բայց դա խաբկանք է: Այո՛, Հիսուսն ասաց «Սուր վերցնողը սրից էլ կընկնի»: Բայց սուր վերցնողը մենք չենք եղել: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, մեր հայրենիքն ու մեր երեխաներին:

Մենք այն ժողովուրդն ենք, որ ջարդերի ժամանակ թողնում էր իր ունեցվածքը, բայց փրկում էր Աստվածաշունչը: Աստված անիրավ չէ և չի մոռանում դա: Մենք համոզված ենք, որ սահմաններին զինվորների կողքին մարտնչում են նաև հրեշտակները:

Առանց հավատի ոչ-ոք չի կարող հաղթել: Հաղթանակի համար մեզ պետք է երկու բան՝ ամուր հավատ և հզոր բանակ:

Կիրակնօրյա պատգամախոսը՝ եկեղեցու երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանը, նույնպես իր խոսքն ամբողջությամբ նվիրել էր այսօրվա իրավիճակին.

«Զօրաց Տէրը մեզ հետ է… Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ, որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով»: Սաղմ.46:7-9:

Աստված ծրագիր ունի մեր ազգի համար և Նա ի վիճակի է ավարտին հասցնել այն:

Արցախի «Արթնության կրակ» եկեղեցու հովիվ Լևոն Սարդարյան protestant.am կայքին տված հարցազրույցում այս իրավիճակի մասին ասել է. «…Ինչ կատարվում է երկրի վրա, երկնքում տեղի ունեցողի հետևանքն է: Մենք այն ժողովորդն ենք, որ գիտենք, հասկանում ենք դա և անմիջական կապ ունենք Երկինքի հետ: Ուստի մենք կարող ենք ազդել Երկնքի վրա, որպեսզի երկրի վրա ինչ-որ բան փոխվի»:

Ի՞նչ է նշանակում ազդել Երկնքի վրա ինչպե՞ս ազդել:

Մենք՝ քրիստոնյաներս ծառայել ենք բանակում և եթե դրա կարիքը լինի, պատրաստ ենք կրկին ծառայել: Բայց մինչև ֆիզիկական պատերազմը մենք պետք է հոգևոր պատերազմ մղենք:

Աստվածաշունչը գիրք է Աստծո իշխանության մասին: Աստծո իշխանությունը գալիս է մեր կյանքի մեջ, երբ մենք հնազանդվում ենք Նրան: Իշխանություն՝ նշանակում է ազդեցություն: Աստծոն հնազանդվելով մեզ է փոխանցվում Նրա իշխանությունը: Մենք իշխանություն ենք ստանում երկնքի վրա ազդելու:

Հեսուի գրքի 10:12-16 խոսքերը պատմում են այն մասին, թե ինչպես Հեսուի աղոթքով արևն ու լուսինը կանգ առան և Հեսուի զորքը պարտության մատնեց թշնամուն:

Երբ ես ու դու վստահում ենք Աստծուն, Աստված բացում է Իր զինանոցը:

2 Մնացորդաց 20-րդ գլխում մարդիկ աղոթեցին, ծոմ պահեցին, փառաբանեցին Աստծուն և դրանով ազդեցին երկնքի վրա:

«Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ»: (Ղուկ.10:19):

Ուրեմն բացի նրանից, որ մենք կարող ենք աղոթել ու երկպագել, Աստված նաև իշխանություն է տալիս թշնամու վրա ազդելու համար:

Պատերազմի ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմելու: Բայց ամեն ժամանակ պետք է պատրաստ լինենք փրկելու: Պետք է աղոթենք, որ մեր թշնամին նույնպես ծունկի իջնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ