Անտարբերություն և նախանձավորություն
Այս կիրակի ՛՛Նոր Սերունդ՛՛ եկեղեցում սովորականից ավելի զվարթ ու ջերմ տրամադրություն էր տիրում: Անակնկալ էր պատրաստվել բոլորի կողմից շատ սիրելի հովիվ Տիգրան Թադևոսյանի համար:
Աշխույժ փառաբանությունից հետո ՛՛Նոր Սերունդ՛՛ եկեղեցին շնորհավորեց հովվին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Փառաբանության խմբի կողմից հնչեց մի շատ գեղեցիկ երգ, որից հետո բեմ բարձրացան ծառայողներից մի քանիսը և շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր հղեցին հովիվ Տիգրան Թադևոսյանին:
Դրան հաջորդեց կիրակնօրյա խոսքը:
Բարկությունը անգութ է և ցասումը հեղեղասաստ, բայց ով կարող է կանգնել նախանձի առաջին (Առակաց 27:4):
Նախանձավոր մարդիկ ուրախ են լինում նույնիսկ դժվարությունների ժամանակ, որովհետև ոչ ոք չի կարող կանգնել նրանց առաջ: Նրանք ունեն նպատակ ու անխախտ ձգտում՝ դրան հասնելու համար: Իսկ անտարբեր մարդիկ գործը անում են ուղղակի որպես պարտականություն: Նրանց չի հետաքրքրում դրա նպատակը, կամ թե արդյոք լավ կանեն, թե ոչ:
Նեյեմիա 3:19-20 համարներում ասվում է, որ երկու հոգի նույն գործը արեցին: Մեկն անում էր նախանձավորությամբ, մյուսն անտարբերությամբ: Իհարկե գնահատվեց նա, ով ձգտում էր գործն անել իր ուժերի ներածից ավելին: Իսկ թագավորը համաձայնեց օգնել Նեյեմիային միայն նրա նախանձավորության համար: Թագավորները սիրում են նախանձավոր մարդկանց:
Նույն գլխի 5-րդ խոսքում գրված է. «Երևելիները վզները չծռեցին»: Անտարբեր մարդիկ գլուխները չեն շրջում իրենց շուրջը կատարվող իրադարձությունները տեսնելու համար, իսկ նախանձավորներին համարում են ֆանատիկ, կամ ցնորված:
Աշխարհասիրությունը աննկատ կարող է առաջ բերել տարբեր երևույթներ, ցանկություններ կամ օբյեկտներ, որոնք կփորձեն գրավել նախանձավորության տեղը: Պետք է հիշել, որ մեղքը տանում է անտարբերության, իսկ սրբությունը՝ նախանձավորության:
Տիտոս 2:13-14 համարներումասվումէայնմասին, որ Քրիստոս մաքրում է մարդուն, որ նախանձավոր դարձնի բարի գործերի համար: Այսինքն բարի գործերը չեն մաքրում մարդուն, այլ միայն Հիսուս Քրիստոսի Սուրբ արյունն ու Աստծո անսահման ողորմությունը: Միայն Հիսուս է տալիս նախանձավորություն, ու միայն այդ նախանձավորության շնորհիվ քո գործերը իրոք բարի կլինեն Տիրոջ աչքերում:
Բայց քո դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես: Արդ հիշիր, թե որտեղից ընկար ու զղջա, և առաջին գործերն արա (Հայտնություն 2:4):
Հիսուս ուզում է, որ մենք պահենք մեր առաջին սերը, այն ոգևորությունն ու նախանձավորությունը Աստծո գործի նկատմամբ, ինչպիսին ունեինք, երբ նոր էինք ապաշխարել: