Սխալներ և դիրքորոշում
«Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը» (1 Պետ. 1:15):
«Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս» (Հակ. 3:2):
Առաջին հայացքից թվում է, թե այս երկու համարները հակասում են միմյանց : Մի կողմից՝ «սուրբ եղեք», մյուս կողմից՝ «մեղանչում ենք ամենս»: Սակայն Աստվածաշնչում հակասություններ չկան:
Եթե քրիստոնյան Հիսուսին ընդունել է որպես Տեր և որպես Փրկիչ, եթե նա որոշում է կայացրել ապրել սրբությամբ, եթե նա սիրում է Տիրոջը, ապա սա քրիստոնյայի դիրքորոշումն է: Սուրբ լինելը արտահայտվում է այս դիրքորոշմամբ: Իսկ սայթաքելուց, սխալվելուց երաշխավորված չէ ոչ մեկը, անգամ ինքը՝ Հակոբոս առաքյալը, ով գրում է «մեղանչում ենք ամենս»:
Սայթաքելու, սխալվելու դեպքում այսպիսի դիրքորոշում ունեցող քրիստոնյային Տերը միշտ կօգնի շտկվել, Նա ոտքի կկանգնեցնի իր սուրբերին:
Սակայն եթե մեղքն ու սխալը մարդու դիրքորոշում են, ապա դա վտանգավոր է, այդպիսի մարդը կամավոր ընտրել է մեղքն ու աշխարհը, և Տերը չի խախտի նրա ազատ ընտրության իրավունքը: Սակայն, անառակ որդու նման, երբեք չեն բացառվում զղջումն ու վերադարձը, ու Հայրը այդ դեպքում էլ կընդունի վերադարձած զավակին:
Հովիվ Տիգրան Թադևոսյան