Ինչպե՞ս զարդարել տունը Ծննդյան տոներին

Ինչպե՞ս զարդարել տունը Ծննդյան տոներին
Սուրբ Ծննդյան և առաջիկա Նոր տարվա տոնակատարությունների կապակցությամբ տունը զարդարելն օգնում է լիովին ընկղմվել այդ տոնական մթնոլորտի մեջ:

Ահա մի քանի հնար՝ ինչպես կարելի է զարդարել ու առավել գեղեցկացնել տունը.

Սուրբ Ծննդյան կարևորագույն խորհրդանիշերից մեկը տոնական եղևնին է: Համարվում է, որ այս ավանդույթի սկիզբը դրել է Մարտին Լյութերը, ով հենց առաջինն է իր տանը կանգնեցրել կանաչ գեղեցկուհուն: Մշտադալար եղևնին խորհրդանշում է հավիտենական կյանքը, որ Աստված է շնորհում յուրաքանչյուրին, ով հավատում է Իրեն: Այսօր բնական եղևնուն փոխարինելու են եկել արհեստականները, այնպես, որ ընտրությունը բավական մեծ է:

Ներկայումս նորաձև է համարվում տոնածառը հնագույն խաղալիքներով և աստվածաշնչյան խորհրդապատկերների զանազան տարրերով զարդարելը: Դրանցից կարող են լինել հրեշտակները, սրտիկները, զանգակները և շեփորները, որ խորհրդանշում են Բարի լուրը: Գնդերը խորհրդանշում են գիտության ծառի խնձորը և մոգերի ընծաները՝ մանուկ Հիսուսին: Կարելի է հավելել նաև կոնֆետներ, մրգեր և այլն՝ ըստ ճաշակի:Չպե՛տք է նաև մոռանալ զանազան լույսերի մասին, առանց որոնց դժվար է պատկերացնել Սուրբ Ծնունդը: Բավական գեղեցիկ են փոքրիկ լույսերով զարդարված ծաղկաշղթաները: Դրանցով կարելի է զարդարել ոչ միայն եղևնին, այլ նաև ողջ սենյակը՝ կրկին ըստ ճաշակի:

Եթե չեք պատրաստվում տանը տոնական եղևնի տեղադրել, ապա կարելի է տոնական սուրբծննդյան զամբյուղ պատրաստել: Հյուսված զամբյուղի մեջ տեղադրում եք մրգեր և հատապտուղներ, թարմ ծաղիկներ և փշատերև ծառերի ճյուղեր: Կարելի է այս ամենը զարդարել նաև բամբակե ձյունով: Ինչպես նաև կարելի է ճյուղերի վերջնամասերը կապոցի վերածել և ողջ կոմպոզիցիայի կենտրոնում տեղադրել: Եթե ցանկանում եք, որպեսզի փշատերև ճյուղերը երկար պահպանվեն, ապա դրանց ծայրերը կարող եք իջեցնել փոքր-ինչ քաղցրացված ջրով լի անոթի մեջ:

Սուրբծննդյան կարևորագույն տարրերից մեկն էլ տոնական փշատերևային պսակն է: Նման շրջանակները կարելի է ամրացնել պատերին, պատուհաններին, ինչպես նաև դռան վերնամասում: Վերջինս հյուրընկալության և ընտանեկան երջանկության խորհրդանիշի դրսևորում է:

Դեռ հնագույն ժամանակներից զանգակները ևս սուրբծննդյան յուրահատուկ խորհուրդ են պարունակում: Ինչպես շատ տներում, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիներում սուրբծննդյան գիշերը հնչում է զանգակների հիասքանչ ղողանջը՝ ի նշան Քրիստոսի գալստյան ողջույնի:

Սուրբծննդյան մոմերը Հիսուսի՝ ողջ աշխարհի համար Լույս լինելու նշանակության հավելյալ խորհրդանիշ է համարվում: Շատ երկրներում սուրբծննդյան մոմերը խորհրդանշում են Լույսի հաղթանակը խավարի նկատմամբ: Դրախտային ծառի մոմերը ծնունդ տվեցին մերօրյա այդքան սիրելի սուրբծննդյան եղևնուն:

Սուրբծննդյան գունազարդմանը կարող են օգնել նաև կարմիր, կանաչ, սպիտակ, կապույտ, ոսկեգույն և արծաթագույն ծաղիկներով պատրաստված տարատեսակ դեկորացիաները: Միևնույն գույներով սփռոցները, անձեռոցիկները, ծածկոցները միայն հաճելի տպավորություն կհաղորդեն ողջ ինտերիերին:

Հարկ է նշել, որ տոնական սեղանին մեծ շուք են հաղորդում վերոնշյալ փշատերևային ճյուղերը: Ճյուղերի կապոցը կարելի է ամրացնել կարմիր ժապավենով և զարդարել զանգակներով: Նման կոմպոզիցիաները տեղադրում են յուրաքանչյուր հյուրի կողքին, կարելի է նաև սուրբծննդյան բացիկներ ավելացնել: Սեղանի կենտրոնում ևս կարելի է փոքրիկ եղևնի կամ նմանօրինակ կոմպոզիցիա տեղադրել:

Ողջ աշխարում գոյություն ունի ոչ միայն տան ինտերիերի, այլ նաև դրսի հատվածը, բակը հարդարելու ավանդույթ: Զանազան ծաղկաշղթաները, գույնզգույն հրավառությունները, սուրբծննդյան ծառը (պարտադիր չէ միայն եղևնի օգտագործել) և շատ այլ իրերի կիրառումը սուրբծննդյան բարձր տրամադրություն կապահովեն նաև ձեր դրացիների համար:

Բնականաբար, հնարավոր չէ Սուրբ Ծնունդը դիմավորել առանց նվերների: Այս օրը մոգերը ևս իրենց ընծաները բերեցին մանուկ Հիսուսին:

Աստվածաշնչում կարդում ենք նաև, որ Տերն ասում է. «Եթե իմ եղբայրներից մեկին արեցիք, Ինձ արեցիք»: Ուստի, վերցրե՛ք թուղթ ու գրիչ և մտերիմների, ընկերների ցուցակ կազմե՛ք, նվերներ մատուցե՛ք նրանց: Այն կարող է փոքր լինել, սակայն պետք չէ՛ մոռանալ, որ կարևորն արժեքը չէ, այլ ուշադրությունը և հոգատարությունը միմյանց նկատմամբ:

Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ