Ավետիք Իշխանյան. «Ամարյանը պառակտում է ազգը»

Ավետիք Իշխանյան. «Ամարյանը պառակտում է ազգը»


Ամեն անգամ Հայաստանում գործունեություն սկսող կրոնական կազմակերպությունների մասին հայտարարություններ անելով ու դրանք աղանդ որակելով՝ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը փորձում է պառակտել ազգը՝ նշում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանը նշում է, որ Ալեքսանդր Ամարյանի հայտարարությունից հասարակության շրջանում կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստան են ներթափանցել ահաբեկիչներ կամ քրեական հատուկ հանցախմբեր.

«Սա էժան քարոզչություն է, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված և հերթական պայքարն է խղճի ազատության դեմ»:

Վերջին անգամ նման հայտարարություն Ամարյանն արեց անցած շաբաթ՝ «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարելով, որ 2012-ին Հայաստանում սկսել են գործել երկու կրոնական կառույց` «Աստծո հարսնացուները» և «Կենդանի Հավատքը»՝ ընգծելով, որ այդ կազմակերպությունների գործունեության դեմ պայքարող որեւէ մասնագետ չկա Հայաստանում:

«Աղանդավորներն առկա են պետական և դատական համակարգերում, բիզնես և կրթական ոլորտներում: Առավել վտանգավոր են բողոքական ճյուղի հետևորդները` խարիզմատները, հոգեգալստականները, ադվենտիստները, որոնց թիվը Հայաստանում կազմում է շուրջ 180 000: Առհասարակ, տարածաշրջանում աղանդավորների քանակությամբ Հայաստանն առաջին տեղում է: Հայաստանում ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը շուրջ 350 000 է»,- ասել է Ամարյանը՝ ըստ «Առավոտի»:

Ավետիք Իշխանյանը այս առիթով հիշեցնում է, որ ըստ Հայաստանի սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի խղճի ազատության, ինչպես նաև միավորումներ ստեղծելու իրավունք.

«Այսինքն՝ ամեն մարդ կարող է իր նախասիրությունների շուրջ միավորումներ ստեղծել՝ կրոնական կամ քաղաքական կամ ցանկացած այլ նախասիրությունների»:

«Այս իրավունքները Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասերն են ու Ալեքսանդր Ամարյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանում երկու նոր կրոնական կազմակերպություններ են սկսել գործել, որոնք ինքը անվանում է աղանդ, հավասար է նրան, որ ինչ-որ մեկը ելույթ ունենա ու ասի, թե՝ գիտեք՝ Հայաստանում խայտառակ վիճակ է, վերջին մի քանի ամսում գրանցվել են 5-6 հասարակական կազմակերպություն և 1 կուսակցություն»,- հավելում է Իշխանյանը:

Հայաստանի կառավարության՝ Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով վարչության տվյալներով՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 կազմակերպություն: Գրանցվելու համար կրոնական կազմակերպությունը պետք է ունենա 200 եւ ավելի անդամ:

                                                       Աղբյուր՝ crossnews.am, kron.armhels.com

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ