Ջուրն անապատում: Առակ

Ջուրն անապատում: Առակ

Անապատում ապրում էին երկու եղբայր: Նրանք ծնվել և մեծացել էին անապատային պայմաններում: Այնտեղ ջուրը քիչ էր, ու անապատաբնակները ջրի յուրաքանչյուր կաթիլը խնայելով էին օգտագործում: Եղբայրների մտքով չէր էլ անցնում, որ երբևէ որևէ տեղ կարող է շատ ջուր լինել: Ջրի սակավությունը սովորական բան էր նրանց համար: Նրանք Մեծ Ջրի գոյության մասին չէին լսել:

Մի օր հայրը կրտսեր եղբորը ճամփորդության է տանում: Տղան առաջին անգամ տեսնում է ծովեր ու օվկիանոսներ, անուշահամ ջրի ահռելի լճեր, գետեր, աղբյուրներ ու վտակներ: Ճամփորդության ընթացքում նա անգամ լողալ է սովորում:

Վերադառնալով անապատ՝ ավագ եղբորը պատմում է իր տեսածը: Ավագը սկզբում ծիծաղում է կրտսեր եղբոր վրա, հետո սկսում կարեկցել նրան: Անգամ կասկածում է, որ սիրելի եղբորը «հիպնոսացրել» են, կամ էլ հավանաբար խելքը գցել է:

Բայց կրտսերը պատմում է ու պատմում: Ավագը չի հավատում նրան, փորձում է համոզել, որ դա անհնար է: Եթե աշխարհում Մեծ Ջուր կա, ապա ինչու՞ են իրենք մշտապես կիսածարավ: Շարունակում է պնդել՝ ասելով, որ եթե անգամ անապատի ավազների մեջ մեծ փոս փորեն ու փորձեն այն ջրով լցնել, միևնույն է, ամբողջ ջուրը կներծծվի ավազների մեջ: Եթե անգամ ընդունեն Ջրի գոյությունը, ապա նրա մեջ լողալ հնարավոր չէ, կսուզվեն: Հիմնավորում է գիտությամբ՝ ձգողության ուժով, Արքիմեդի օրենքով:

Անապատաբնակներից ոմանք հիշում են, որ իրենց նախահայրերը գրել են Մեծ Ջրի մասին: Ու թեև անապատաբնակների մեծ մասը պնդում է, որ Մեծ Ջուրը գուցե եղել է նախնիների օրոք, բայց այն հիմա չկա, ոմանք սկսում են հավատալ կրտսեր եղբորը և իրենք էլ են գնում տեսնելու Մեծ Ջուրը: Տեսնում են, վերադառնում ու պատմում…

Սա ավագ եղբորը հասցնում է կատաղության: Ու սկսում է տարածել, թե Մեծ Ջրի գոյության քարոզողների նպատակը անապատային սուրբ կյանքն ու ավանդույթները քայքայելն է: Պնդում է, որ նրանց ուղարկել են անապատի թշնամիները: Անապատաբնակներից ոմանք էլ, ապացուցելու համար իրենց սերը անապատի նկատմամբ, սկսում են հալածել Մեծ Ջրի գոյությանը հավատացողներին:

Բայց կրտսեր եղբայրը պատմում է ու պատմում: Նա տեսել էր Մեծ Ջուրը: Ճաշակել էր Ջրի քաղցրությունը: Ընկղմվել էր Ջրի մեջ, լող էր տվել, ու Ջուրն էլ պարուրել էր իրեն: Նրան չէին կարող լռեցնել ո՛չ հորդորները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ հալածանքները և ո՛չ էլ նույնիսկ մահը:

Ուստի սիրելի՛ ավագ եղբայր: Մի՛ հալածիր հարազատ կրտսեր եղբորդ: Նա չի՛ ստում: Չի՛ քայքայում: Չի՛ մոլորեցնում: Նա տեսել է Սուրբ Հոգու լույսը: Նա ճաշակել է այդ Կենաց Ջրի քաղցրությունը: Ընկղմվել ու լողացել է Դրա մեջ: Նա ճանաչել է Սուրբ Հոգուն:

Նա քո եղբայրն է:

                                                                                                                               Աշոտ Հովսեփյան


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Գոռ ➞ Պատասխանել

Dec 06, 2012 | 10:18

Բայց կրտսեր եղբայրը պատմում է ու պատմում: Նա տեսել էր Մեծ Ջուրը: Ճաշակել էր Ջրի քաղցրությունը: Ընկղմվել էր Ջրի մեջ, լող էր տվել, ու Ջուրն էլ պարուրել էր իրեն: Նրան չէին կարող լռեցնել ո՛չ հորդորները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ հալածանքները և ո՛չ էլ նույնիսկ մահը:


օգտակար հղումներ