Մեր զրուցակիցն է Հոլանդիայի ՛՛ Աստծո Տուն՛՛ եկեղեցու ծառայող Էդգար Վահանյանը:
Էդգար, խնդրում եմ հակիրճ պատմել, թէ ինչպե՞ս հայտնվեցիր Հոլանդիայում :
Ես, մեր բազմաթիվ հայրենակիցների նման , երկրում տիրող սոցիալական անարդարություններից ու ճնշող իրավիճակից հուսալքված, 2005 թվականին որոշեցի կյանքիս հետագա ընթացքը փորձել կառուցել օտար ափերում: Այդպես հաստատվեցի Նիդեռլանդներում : Եվ շատ կարճ ժամանակ անց հասկացա, որ այստեղ էլ չկա իմ փնտրած կատարյալ վիճակը, որի մասին ես երազում էի, թեպետ տեղի բնակիչների համար սոցիալական առումով ապահովված էին բոլոր պայմանները շատ լավ ապրելու համար, բայց այն հոգևոր խաղաղությունը և ներքին երանելի վիճակը, որին ամեն մարդ է ձգտում, բացակայում էր:
Իսկ ինչպե՞ ս դարձար ավետարանական քրիստոնյա:
2006 թվականին՝ գարնանային մի առավոտ, իմ բնակավայրում հանդիպեցի մի տարեց մարդու, ով շրջում էր փողոցում և հարցուփորձ անում, թե արդյոք կան քրիստոնյաներ, ովքեր կցանկանան հաջորդ կիրակի օրը իր հետ գնալ եկեղեցի: Եվ ես առանց հապաղելու ներկայացա որպես 1700 –ամյա քրիստոնեական պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ինչի համար, իհարկե, հետագայում ստիպված եղա մի լավ ամաչել, քանի որ լինելով քրիստոնեական մեծ արմատներ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, անտեղյակ էի աստվածաշնչյան տարրական հիմունքներից: Այն եկեղեցին, որտեղ այդ տարեց մարդն ինձ հրավիրեց, բոլորովին չէր համապատասխանում իմ պատկերացումներին թե՛ շենքի արտաքին տեսքի, թե՛ ներսում գտնվող մարդկանց առումով: Ինձ զարմացրեց և հիացրեց նրանց անկեղծ աղոթող դեմքերը, ես երբեք այդպիսի գեղեցիկ և երանելի հայացքներ չէի տեսել: Ծառայութան ավարտին նրանց բոլորի դեմքերը փայլում էին ինձ համար անհասկանալի ուրախությունից, նրանց աչքերը լի էին սիրով ու ջերմությամբ: Այս ամենը գերեց ինձ,և ես սկսեցի հասկանալ իմ ավանդական հավատքի ու նրանց հավատքի տարբերությունը: Իմ փնտրտուքները երկար չտևեցին. շատ արագ ես հասկացա, որ նրանց հավատքն ունի ավետարանական հիմքեր, իսկ նրանցից յուրաքանչյուրը՝ անհատական խորը հարաբերություն Աստծո Հոգու հետ, ինչը բացակայում էր ինձ մոտ: Լսելով Տեր Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա կատարած փրկագործման, հարության և Սուրբ Հոգու մասին՝ իմ մեջ գնալով ավելի մեծ ցանկություն արթնացավ ավելի ու ավելի մոտենալ իրական քրիստոնեական կյանքին: Մի գիշեր, երբ պառկեցի քնելու, զգացի, որ աչքերիցս արցունքներ են հոսում. ողջ գիշեր չկարողացա քնել, արտասվում էի ու խորը զղջում ապրում իմ մեղքերի համար: Նույն առավոտ ես որոշեցի Տեր Հիսուսին հրավիրել իմ կյանքի մեջ և խնդրեցի Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի իմ կյանքի հետագա բոլոր օրերը ապրեմ ըստ Իր բարի կամքի: Այդ օրվանից հետո կյանքումս սկսվեցին կատարվել գերբնական փոփոխություններ. ամբողջովին փոխվեցին իմ համոզմունքները ու հայացքները Աստծո, ինքս իմ ու մարդկանց հանդեպ:
Այժմ ի՞նչ ծառայության մեջ ես ներգրավված:
Այժմ արդեն ավագ հովիվների ձեռնադրությամբ հաստատված եմ Նիդեռլանդների ՛՛ Աստծո Տուն ՛՛ եկեղեցում որպես ծառայող՝ հովվի օգնական, երիտասարդական ծառայության պատասխանատու, ինչպես նաև նշանակված եմ այնտեղ գործող ՛՛ Կանչող Ձայն՛՛ երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահ:
Ի՞նչ տեսիլք ունի ՛՛Աստծո Տուն՛՛ եկեղեցին:
Մեր եկեղեցին բազմաթիվ նպատակներ ունի իր առջև դրված, որոնք աստիճանաբար իրականանում են: Դրանցից է՝ դառնալ հոլանդահայերի համար հոգևոր ծածկոց, օգնել նրանց արթուն մնալ սուրբ հավատքի մեջ և բարձր պահել քրիստոնեական արժեքները, ինչպես նաև աղոթքի տուն դառնալ ոչ միայն հոլանդահայերի, այլ ընդհանրապես բոլոր ազգերի համար:
Իսկ գլխավոր տեսիլքը հետևյալն է՝ունենալ աստվածաշնչյան դպրոց, որտեղ կպատրաստվեն առաջնորդներ, խնամակալներ, ավետարանիչներ և եկեղեցական այլ ծառայողներ՝ այդպիսով նպաստելով քրիստոնեական արժեքների՝ Ավետարանի տարածմանն ու հաստատմանը:
Քո գնահատմամբ ճիշտ են այն դատողությունները, որ այսօր եվրոպայում քրիստոնեությունն արդեն անցյալ է:
Անկեղծ ասած՝ ես համաձայն չեմ այդ դատողությունների հետ, որովհետև Եվրոպայում քրիստոնեությունը չի կարող անցյալ դառնալ, թեպետ ավանդական (կրոնական) եկեղեցական կառույցները շարունակում են վերածվել զվարճանքի վայրերի, բայց մյուս կողմից, եթե ընդհանրապես նայենք Եվրոպայում Տեր Հիսուսի իրական Կենդանի եկեղեցուն, և մասնավորապես Հոլանդիայում բարձրացող այն երիտասարդ քրիստոնյաների օր օրի որակական և քանակական աճին, ապա կհամաձայնեք ինձ հետ, որ մոտ ապագայում Եվրոպայում կրկին սպասվում է հոգևոր վերածնունդ և մեծ արթնություն:
Ի՞նչը դրդեց քեզ այցելել հայրենիք:
Չնայած ապրում եմ հազարավոր կիլոմետրեր հայրենիքիցս հեռու, բայց միևնույն է, ես ինձ միշտ մոտ եմ զգացել: Հայրենիքիս նկատմամբ կարոտի բաժակը արդեն վաղուց էր լցվել: Հայաստան այցելելուս նպատակներից մեկը երկրում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալն է և մասնակցելը վերը նշված ՛՛Կանչող Ձայն՛՛ երիտասարդական ծառայության կողմից իրականացվող ՛՛Արի ընկերանանք՛՛ ծրագրին, որի հիմնական նպատակն է մեր սերն ու ուշադրությունը հայտնել և տեսանելի դարձնել Հայաստանում ապրող բազում կարիքավոր երեխաներին՝ այդպիսով կամուրջներ ստեղծելով նրանց և Հոլանդիայում ապրող երեխաների միջև, ում ջանքերի և ներդրումների միջոցով էլ իրականացվում է այս ծրագիրը:
Ի՞նչը հիասթափեցրեց քեզ Հայաստանում:
Ինձ խորը տխրեցրեց այն հանգամանքը, որ այսօր դեռևս առկա են այն նույն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց պատճառով ես հեռացել էի Հայաստանից, և այն, որ հուսալքված հազարավոր հայրենակիցներ շարունակում են հեռանալ հայրենիքից:
Իսկ ի՞նչը ոգեշնչեց:
Այցիս հենց առաջին օրվանից հանդիպեցի վերածնված երիտասարդ քրիստոնյա տղաների և աղջիկների, ովքեր մեծ եռանդով և անշահախնդիր կերպով ծառայում են մեր ժողովրդին: Տեսնելով նրանց ՝ իմ սիրտը իսկապես մխիթարվեց և լցվեց հավատքով, որ մի օր իմ հայրենիքում վերականգնվելու և հաստատվելու է իրական քրիստոնեական ապրելակերպը և աստվածային արդարությունը:
Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կողմից մատնանշած խնդիրների լուծումը:
Հայաստանն այսօր կարիք ունի բարձր բարոյական և հոգևոր արժեքներ կրող առաջնորդների՝ հայրերի, ովքեր կլինեն նվիրված մեր երկրին և աստվածավախությամբ կառաջնորդեն այն: Կարծում եմ ՝միայն այդպես Հայաստանը կկարողանա հաղթահարել իր ներկա հոգևոր և նյութական առումով ճգնաժամային վիճակը:
Զրուցեց Գոռ Կարապետյանը