Նկարչի վրձինը
Հունվարի 27-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսը Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանն էր: Սա առաջին անգամ չէ, որ «Նոր սերունդը» սիրով հյուրընկալում է հովիվ Արարատին:
Պատգամախոսի խոսքն, ինչպես միշտ, աչքի ընկավ իր հիմնավոր, տրամաբանված կառուցվածքով, աստվածաշնչյան ճշմարտությունների սպառիչ ընկալումներով և հրաշալի հայտնություններով:
Որպես սկիզբ քարոզիչը մեջբերեց Կորնթացիների 1-ին թղթի 23 խոսքը. «... Մենք էլ քարոզում ենք խաչյալ Քրիստոսին», և հենց խաչյալ Քրիստոսն էլ եղավ հովվի ամբողջ խոսքի առանցքը:
Իր անձնական փորձառությունից հովիվը կիսվեց մի զարմանահրաշ հայտնությամբ, երբ Աստված նրան բացահայտել էր, որ քարոզիչը նման է նկարչի վրձնի: Նակարիչն Ինքը՝ Աստված է, որ քարոզչին վրձնի նման թաթախում է Աստվածաշնչի ներկապնակի հրաշագեղ գույների մեջ և նկարում մարդկանց սրտերի կտավների վրա:
Իսկ Աստծո վրձնած բոլոր կտավների գերագույն թեման մեկն է. Ինքը՝ Խաչյալ Քրիստոսը:
«Հանեք խաչյալ Քրիստոսին Աստվածաշնչից, և այն կդադարի Աստվածաշունչ լինելուց, որովհետև առանց խաչյալ Քրիստոսի չկա փրկություն»- եզրակացնում է պատգամախոսը:
«Նոր սերունդ» եկեղեցին իր երախտագիտությունն է հայտնում հովիվ Արարատ Պողոսյանին՝ օրհնված և մինչև սրտի խորքերը թափանցող պատգամի համար:
Փա՜ռք Տիրոջը, որ ավետարանական հավատքի եկեղեցիների միջև առկա է փոխադարձ սերն ու համագործակցությունը:
«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն