Քույրական ծառայություն «Նոր սերունդ» եկեղեցում

Քույրական ծառայություն «Նոր սերունդ» եկեղեցում

Շաբաթ օրը՝դեկտեմբերի 1-ին, «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ ծառայություն կանանց համար: Հրաշալի փառաբանությունից ու երկրպագությունից հետո բեմ բարձրացավ հովիվ Հայկուհի Բաբայանը: Նրա խոսքը վերաբերում էր կնոջ սրտի անսահման խոնարհությանն ու հայտնապես սիրող լինելուն: Աշխարհի իմաստունները դարեր շարունակ փորձել են գտնել «ի՞նչ է սերը» հարցի պատասխանը, այն ինչ այդ հարցի ամենաընդգրկուն պատասխանը Աստծո Խոսքն է: Կորնթացիների առաջին թղթի 13-րդ գլխում լիովին նկարագրվում է Սերը, ևեթե 4-8 խոսքերում «սեր» բառը փոխարինենք «կին» բառով, կտեսնենք, թե ինչպիսին պետք է լինի կինը Աստծուն և իր ամուսնուն հաճելի լինելու համար:

Իր խոսքից հետո հովիվ Հայկուհին բեմ հրավիրեց «Կենդանի Հավատք» եկեղեցու հովիվ Արմինե Զոհրաբյանին: Նա հանդես եկավ մի հետաքրքիր վկայությամբ այն մասին, թե ինչպես Աստծո Խոսքից պատին փակցված մի հատվածը անսպասելիորեն փոխել է մարտականորեն տրամադրված տեսուչի վերաբերմունքն իրենց բիզնեսի նկատմամբ՝ խիստ բացասականից մինչև անչափ բարեհաճ: Հանուն այն բանի, որ ամուսինն իրեն ամբողջությամբ նվիրի Տիրոջը ծառայելուն, հովիվ Արմինեն իր վրա է վերցրել բազմազավակ ընտանիքին կերակրելու պարտականությունների զգալի մասը, ընտանեկան բիզնեսի կառավարումը և գլխավորում է փառաբանության խմբի ծառայությունը: Նա իր խոսքն ավարտեց հետևյալ մտքով. «Պրոբլեմներ միշտ էլ կլինեն ,ու մենք չպիտի փախչենք դրանցից, այլ պիտի գնանք ընդառաջ՝ հաղթահարելու, քանի որ դա կերտում է մեր սրբությունը»:

Երկրորդ հյուրը «Նազարեթ» եկեղեցու հովիվ Անժելիկա Խաչատրյանն էր, ով գեղեցիկ օրինակով ցույց տվեց, թե ինչքան կարևոր է տեսնել Տիրոջ ամեն արարածի գեղեցկությունը: Այդ գեղեցկության միջոցով Սուրբ Հոգին կարող է ավելացնել մարդու իմաստությունը: Հովիվ Անժելիկան պատմեց, թե ինչպես առաջին անգամ տեսավ ծառից քաղած ձիթապտուղ, ինչպես գերվեց դրա գեղեցկությամբ, բայց համտեսելուց հետո երկար ժամանակ չէր կարողանում բերանից հեռացնել անասելի դառնությունը՝ նույնիսկ լվալով ու քաղցրեղեն ուտելով: Սակայն պտուղները ծակծկելուց և աղաջրի մեջ թափահարելուց հետո փոխել են համը և դարձել հաճելի: Այս փորձառության արդյունքը հովիվ Անժելիկան համեմատում է սեփական կյանքի հետ. քանի դեռ երիտասարդ էր ու գեղեցիկ, նման էր ձիթապտղի դառը պտուղներին: Կյանքի հարվածների ու դժվարությունների միջով անցնելով և ապաշխարելով է ձեռք բերել իմաստությունն ու մարդկանց հաճելի լինելու, Տիրոջը և մարդկանց ծառայելու կարողությունը: Միայն աղն է, որ մրմռացնելով վերքը, կարող է վերացնել դառնությունը: Կարևոր էր նաև, որ ձիթապտղին վերջնական համ տալու համար այն մշակվում է ձեթով, որը հովիվը համեմատում է յուղով օծվելու՝ Աստծո օծությունը ստանալու հետ:

q7.jpg

Վերջում երկու հովիվներին անակնկալ էր սպասում: Հովիվ Հայկուհին նրանց խնդրեց աղցան պատրաստել բեմի վրա գտնվող մթերքով, որի ընթացքում անպատրաստից խաղացին փոքրիկ, բայց անչափ զվարճալի ներկայացում: Հովիվներ Արմինեն ու Անժելիկան էլ իրենց հերթին անսպասելիորեն ներկայացման մեջ ներգրավեցին հովիվ Հայկուհուն: Ծիծաղի ու ցնծության մթնոլորտում ընդգծվեց այն ճշմարտությունը, որ ցանկացած գործ պետք է արվի սիրով ու ուրախությամբ: Բացահայտվեց, թե ինչով է տարբերվում հավատացյալ կինը՝ Աստծո դուստրը, կենցաղային հոգսերից բացի ոչինչ չնկատող բամբասկոտ աշխարիկ կնոջից: Ի ուրախություն ներկաների` ստացվեց հիանալի և խոսուն ներկայացում:

Երեկոն ավարտվեց երեք հովիվների երկրպագությամբ և նախատոնական ֆուրշետ հյուրասիրությամբ և իհարկե, անակնկալ նվերներով:

q1.jpgq2.jpgq11.jpgq5.jpgq10.jpgq9.jpg 

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ