Համազգային աղոթքի օրեր՝ թրաֆիքինգից տուժածների ընտանիքների համար
Օրերս Միացյալ Նահանգներում անց է կացվել համազգային աղոթքի շաբաթ, որի նպատակն է մեկընդմիշտ վերջ դնել երկրում մարդկանց ստրկությանը և թրաֆիքինգին. հաղորդում է Charisma News-ը:
ԱՄՆ քրիստոնեական իսպանալեզու խոշորագույն կազմակերպության՝ Ազգային իսպանալեզու քրիստոնեական առաջնորդական համաժողովի (ԱԻՔԱՀ) նախագահ, վերապատվելի Սամուել Ռոդրիգեսը գլխավորել է աղոթաժողովը:
Ազգային իսպանալեզու ավետարանական իրավաբանական կոալիցիայի տնօրեն Յուրի Մանտիյան իր խոսքում նշել է. «Մարդկանց թրաֆիքինգը մեղք է՝ ընդդեմ համայն մարդկության: Այն ժամանակակից ստրկության մի ձև է, որ ոչ միայն անարգում է միամիտ անձանց արժանապատվությունը՝ վարկաբեկելով նրանց բարի անունը, այլ նաև քանդում է ընտանիքները և հարվածում հասարակության ամենախոցելի անդամներին»:
Կազմակերպիչները հավելել են, որ 21-րդ դարում վերոնշյալ ահասարսուռ երևույթի գոյությունն անթույլատրելի է. այն խստորեն խախտում է մարդու կարևորագույն իրավունքները. «ԱԻՔԱՀ-ը ձգտում է իր ներդրումը կատարել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Ձեռնարկվող միաբան աշխատանքը կարևոր քայլ է, ինչպես նաև՝ կոչ քրիստոնյաներին՝ ակտիվություն ցուցաբերելու ստրկավաճառության զոհ դարձածների պաշտպանության գործում»:
ԱՄՆ-ի Սենատի 2007թ-ին ընդունված բանաձևը հունվարի 11-ը հռչակել է՝ որպես մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկացված լինելու օր: Բացի այդ, 2010թ-ին նախագահ Օբաման հունվարը հայտարարել է մարդկանց ստրկության վերացման ազգային ամիս:
Հիշեցնենք կրկին, որ ամերիկյան քաղաքներում ստրկության հակառակորդները և աղոթքի մասնակիցներն օրեր առաջ հավաքվել են, որպեսզի հանրության ուշադրությունը դարձնեն ժամանակակից ստրկությանը և աղոթեն բոլոր նրանց համար, ովքեր անցել են դրա միջով:
Աղբյուր՝ crossnews.am