Հարցազրույց Վլադիկ Բաղդասարյանի հետ
Ծառայության ավարտին հովիվ Վլադիկ Բաղդասարյանը սիրով համաձայնեց պատասխանել «Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայության հարցերին:
- Ձեր խոսքը համեմել էիք ժողովրդական ասածվացքներով և դասականների գործերով: Գուցե կրոնավոր մտածելակերպով որոշ հոգևոր գործիչների համար դա ընդունված չէ, սակայն դրանով հարստացվել էր խոսքը, դարձել կենդանի և ուղիղ հասնում էր ունկնդրի սրտին: Իսկ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում նման մոտեցումը և ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից:
- Արվեստը տանում է դեպի իմաստության խորքերը, իսկ շատ խորանալիս հասնում ենք Ակունքին: Գույների ներդաշնակությունը տեսնելով անհնար է չխորհել Ստեղծագործողի մասին: Բանական մարդը, արվեստագետը, բանաստեղծը, զննելով աշխարհի գույները, հասնում է Ստեղծագործողի Խոսքի ըմբռնմանը: Իսկ եթե նրանց բացվում է ճշմարտությունը, ապա ինչու՞ չօգտվել դրանից:
- Հայաստանում այսօր գործում են ավետարանական հավատքի մի շարք եկեղեցիներ: Եկեղեցիների առատությունն ըստ Ձեզ նպաստու՞մ է հասարակության առաջընթացին, թե՞ խոչընդոտում է այն:
- Քրիստոնեական եկեղեցիների առատությունը, ավետարանչությունը, Աստծո խոսքի քարոզչությունը չի կարող խոչընդոտել որևէ առաջընթացի: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները բարեհաճ լինեն միմյանց նկատմամբ:
- Բավարա՞ր եք համարում ավետարանչության ներկա վիճակը մեր հանրապետությունում:
- Ոչ: Ցավոք, մենք ի գործ չենք դնում բոլոր միջոցները: Համեմատության համար ասեմ, որ, օրինակ, որևէ աշխարհիկ ֆիլմ նկարահանելու համար ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ, դրանով ֆիլմը դարձնելով գրավիչ, իսկ հոգևոր ֆիլմերի, երգերի, միջոցառումների համար միջոցները խիստ սահմանափակ են: Աշխարհն իր նպատակներին հասնելու համար շատ ավելի միջոցներ է տրամադրում, քան եկեղեցին: Մյուս կողմից, հայտնի է, որ հավատացյալների մեծ մասը ապաշխարում են հարազատների կամ մտերիմների վկայությունների և հորդորների արդյունքում: Դրան պետք է հաջորդի աշակերտությունը, որի մասին խոսում է Հիսուսը: Աշակերտության մեջ է հաջողությունը: Ավետարանչությանը, Խոսքի տարածմանը, աշակերտների խնամակալությանը տրամադրված միջոցներն ու եռանդը միշտ չէ, որ բավարար են:
- Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մերքրիստոնյա հայրենակիցներին:
-Նշեցի, որ դիտելով ստեղծագործությունը, միշտ մտածում ես Ստեղծագործողի մասին: Ստեղծվածի մեջ առկա է Ստեղծագործողի սկզբունքը: Այս տեսակետից դիտենք Երկիր մոլորակը: Այն պտտվում է իր առանցքի շուրջը, բայց պտտվում է նաև Արեգակի շուրջը: Քրիստոնյա հայն էլ պետք է ապրի այդ սկզբունքով: Սեփական փրկությունը, սեփական կյանքը կարևոր է ,իհարկե, սակայն պետք է նաև մտածել ազգի փրկության մասին: Պողոս առաքյալն էլ էր աղոթում իր ազգի փրկության համար: Քրիստոնյա հայը չպետք է անի որև էբան, որը չի նպաստում ազգի փրկությանը: